24.11.2024
Վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Աղմկահարույց գաղտնալսման հետքերով. գործն ամբողջությամբ բացահայտվել է

VERELQ-ը ներկայաացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվեց ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, ուր Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը քննարկում են «Մարտի 1»-ի գործը: Ավելի ուշ` երկու ամիս անց, հրապարակվեց եւս մեկ ձայնագրություն, որտեղ զրուցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այսպիսով, աղմկահարույց գաղտնալսման գործով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ վնաս են պատճառել պետության օրինական շահերին»), Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) եւ 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու) հատկանիշներով: Այսպիսով, առաջիկայում կլրանա վերոնշյալ քրեական գործի մեկ տարին, սակայն գործով դեռեւս չկան կասկածյալներ, մեղադրյալներ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ մարմինները միայն վարկած ունեն, որ ՀՀ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից: Ու լուրեր կան, որ գործը ամբողջությամբ բացահայտվել է»:


«Առավոտ» թերթը գրում է. «2015 թվականի սեպտեմբերին Տավուշի մարզում համայնքի ղեկավար են ընտրել Տավուշի մարզի Խաշթառակ (սեպտեմբերի 20-ին) եւ Իջեւան (սեպտեմբերի 13-ին) համայնքներում: Այս համայնքներում հերթական ընտրությունն այս տարի է: ՀՀ ընտրական օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն« համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ: Տավուշի մարզպետը Խաշթառակում ՏԻՄ ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 29-ին« իսկ Իջեւանում ընտրության օր չէր նշանակվել« համենայնդեպս« մարզպետարանի կայքում որեւէ տեղեկատվություն Իջեւանում կայանալիք ընտրությունների մասինª չկար: Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտի» հարցմանը, թե ինչո՞ւ Իջեւանում ընտրության օր չի նշանակվե,« պատասխանեցին, որ նշանակվել է եւ տեղեկությունը հրապարակված է Իջեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Իջեւանում ընտրության օր է նշանակվել դեկտեմբերի 8-ը: Թե ինչո՞ւ մարզպետարանի կայքում այդ տեղեկությունը չկա, բացատրեցին տեխնիկական խնդիրներով: Մեր աղբյուրների համաձայն, սակայն, այս հետաձգումը թելադրված է իջեւանցի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:


Հուլիսին Իջեւանում ծառահատումների թեմայով բողոքի ակցիաներից հետո, այստեղ մեծապես սասանվել է Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը: 2011 թվականից Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն առանձնապես մեծ հեղինակություն չունի էլ, իսկ Փաշինյանը մտադիր է քաղաքապետ դարձնել իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Հայկ եւ Վահե եղբայրները գործող քաղաքապետ Վարդանի հեռավոր ազգականներն են: Եթե ընտրությունն անցնի սեպտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն հաղթելու շանս չունի, դեռ թարմ է «անտառային պատերազմի» հիշողությունը: Ու որոշվել է հետաձգել ՏԻՄ ընտրությունը: Մինչ նոր ընտրությունները նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա իշխանության սցենարն է: Սակայն ակնհայտ է, որ սեպտեմբերի փոխարեն դեկտեմբերին ընտրություն նշանակելը բան չի փոխելու: Մեղմ ասած, քիչ հավանական է, որ երկու ամսում իջեւանցիների հիշողությունից ջնջվեն հուլիսյան բողոքի ակցիաներին առնչվող դրվագները: Այլ խոսքով, Իջեւանում քաղաքապետի ընտրության օրը հետաձգելով եւ օրենք խախտելով, գործող իշխանությունը ոչ մի բանի չի հասնելու եւ ապացուցելու է, որ առաջնորդվում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, ինչի մասին խոստովանել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: ՀՀԿ-ն իր առաջնորդի շուրթերով հայտարարեց` «ինչքան ուզենք, այնքան կխփենք»: ՔՊ-ն իր պահվածքով խոստովանում է`»ինչպես ուզենք, այնպես կխփենք»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները», նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։ Փաստորեն մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կհիշեք՝  «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները։ Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառուցյների միջև միջնորդ կազմակերպություններ են։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն՝ զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ։ Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ կերպ է գործում, իսկ հասարակ քաղաքացիների համար՝ այլ։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ 16 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման։ Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4,5 դոլարով են մաքսազերծումն ավարտում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժուռնալիստների միության նախագահ, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Աստղիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը: Տեղեկացանք, որ Աստղիկ Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց Աստղիկ Գեւորգյանից, թե արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը. «Իհարկե ոչ, եւ այդտեղ մի քանի գործոններ կան. որեւէ բան չի կեղծվել, ընդամենը պայմանագիր է կնքվել, եւ ոչ մի թյուրմացություն այդտեղ չկա, եւ երրորդը` վաղեմության ժամկետն է կիրառվելու»: Ասել է թե` Ժոռնալիստների միության նախկին նախագահը պատասխանատվությունից կխուսափի վաղեմության ժամկետի կիրառման արդյունքում»: