Թուրքիան ստեղծելու է իր ռազմակայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլից. թուրքագետ
Ռուսաստանը Թուրքիայի համար եղել եւ շարունակում է մնալ ռազմավարական հակառակորդ, եւ Անկարայի ու Մոսկվայի մերձեցումը ավելի շուտ կրում է ժամանակավոր բնույթ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, Թուրքիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր շահերի գոտի եւ շարունակում է մնալ Ռուսաստանի մրցակիցը։ Անկարայի շահերը հստակ դրսեւորվել են դեռ անցյալ դարի 90-ական թվականներին։
Սաֆրաստյանն ուշադրություն դարձրեց Թուրքիայի ակտիվացմանը Նախիջեւանում՝ նշելով, որ դա ամենևին էլ պատահական բնույթ չի կրում և ուղղված է երրորդ ռազմակայանի ստեղծմանը երկրի սահմաններից դուրս.
«Անկարայի բոլոր գործողությունները Նախիջեւանում, ըստ էության, նախնական աշխատանք է՝ ուղղված այդ կայանի ձեւավորմանը: Եթե Թուրքիան ամրացնի իր դիրքերը Նախիջեւանում, ապա դա փաստացի կնշանակի նրա դիրքերի ամրապնդում ընդհանրապես Անդրկովկասում»,- ասաց թուրքագետը:
Փորձագետը նաև կանխատեսեց, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները վաղ թե ուշ վատթարանալու են, քանի որ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր շահերը։ Դա թույլ կտա Թուրքիային ավելի վստահ ստեղծել իր կայանը Նախիջեւանում՝ չվախենալով Կրեմլի արձագանքից։