Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում կարևորագույն հարցերից մեկը կապված է Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման գործընթացի հետ և սա լրջագույն վտանգ է, որի առաջ կանգնած է մեր պետությունը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:
«Մենք չպետք է թույլ տանք անգամ որպեսզի այդ կոնվենցիան քննարկվի Ազգային ժողովում, որովհետև այն իր մեջ պարունակում է մի շարք կետեր, որոնք ոչ միայն հակասում են մեր արժեքներին, մեր մտածելակերպին ու վտանգ են պարունակում մեր արժեհամակարգին, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Այսինքն կարևոր է հասկանալ, որ իշխանությունները պատրաստվում են վավերացնել մի կոնվենցիա, որն իր մեջ հակասահմանադրական տարրեր է պարունակում»,- ասաց նա:
Եթե Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, ապա դրա14-րդ կետը սահմանում է, որ ժամանակի ընթացքում մեր կրթական հաստատություններում պետք է ներառվեն ծրագրեր, որոնք կբացատրեն երեխաներին, որ կա նաև, այսպես ասած, « երրորդ սեռ ՝ բացի տղամարդուց և կնոջից, և դա լրիվ նորմալ է».
«Մենք չպետք է թույլ տանք, որ այս ամենը ներմուծվի մեր կրթական հաստատություններ ու ծրագրեր: Եվ երբ մեզ փորձում են ապացուցել, որ այդ կոնվենցիան իր մեջ չի պարունակում որևէ վտանգներ, դա ոչ այլ ինչ է, քան բացարձակ սուտ: Կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնց քանակը, ցավոք, բավականին մեծ է և որոնք տարիներ շարունակ սնվել են դրսից եկող ֆինանսավորմամբ՝ Սորոսի հիմնադրամ, NDA, Նիդերլանդների կառավարություն և այլն, հենց այդ արժեքները Հայաստանում քարոզելու համար: Եվ այսօր մեր բոլորի խնդիրն է դիմագրավել այս նոր վտանգին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը»,- շեշտեց Կոստանյանը:
Նա հավելեց, որ կարևոր է հասկանալ, որ դա արվում է մեր ազգային կոդը փոխելու միտումով, իսկ դա անտեսելը հանցագործություն է:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը ևս կիսում է այն տեսակետը, որ այս պահին Հայաստանը լուրջ վտանգի առաջ է կանգնած և պետք է պայքարի, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը դուրս գա մեր օրակարգից:
«Այս կոնվենցիան վերջին տարիներին կարծես դամոկլյան սուր կախված է Հայաստանի գլխին: Այս հարցով նախկին իշխանությունների վրա էլ կային արտաքին ճնշումներ, որոնց արդյունքում պետությունը ստորագրեց այդ փաստաթուղթը: Կարծում եմ, որ ներկայիս իշխանությունների վրա այդ ճնշումն ավելի մեծ է, բայց ես վստահ եմ, որ այն իշխանությունը, որը կվավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, այն ուղղակի դատապարտված է»,- ասաց նա:
Ըստ կուսակցության նախագահի, այդ կոնվենցիայի վավերացումը նշանակում է հրաժարվել մեր արժեքներից, սկզբունքներից ու ինքնությունից և դառնալ խամաճիկ օտարերկրյա պետությունների ձեռքերում: Այդ իսկ պատճառով, այն իշխանությունը, որը կվավերացնի այս փաստաթուղթը, մեկ րոպե անգամ չի կարողանա պահել իր իշխանությունը:
Արման Ղուկասյանը նաև ընդգծեց, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը պայքարելու է ոչ միայն կոնվենցիայի վավերացման դեմ, այլ որպեսզի այն ընդհանրապես դուրս գա մեր օրակարգից.
«Եթե կառավարությունը փաստաթուղթը բերի Ազգային ժողով քննարկման, սա արդեն իրենց վախճանն է լինելու»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ Ստամբուլյան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես չի քննարկվում, բայց իրենք այն կքննարկեն խմբակցությունում և կարտահայտեն իրենց դիրքորոշումը:
Թե ինչպիսին կլինի այդ դիրքորոշումը դժվար չէ կանխատեսել, որովհետև Հայաստանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագով Լարա Ահարոնյանը ՔՊ-ի հոգաբարձուների խորհուրդի անդամն է: