27.11.2024
Ներկայիս իրողություններում տնտեսական հեղափոխությանը սպասել պետք չէ. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռ քայլում ենք հույսի կածաններով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։


Այնուհետև վարչապետը կենտրոնի դահլիճում հանդիպել է այստեղ այցելող պատանիներին և մեծահասակներին, ողջույնի խոսքով դիմել նրանց և պատասխանել մի քանի հարցերի:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վաղուց էր ծրագրում այցելել ՍՄԱՐԹ կենտրոն և ուրախ է այսօրվա առիթի համար: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնում տեսել է այն, ինչ սպասում էր և շնորհակալություն հայտնել Հայաստանի մանուկներ հիմնադրամի ղեկավար Կարո Արմենին: «Շնորհակալություն Ձեր գործադրած ջանքերի համար, որ այստեղ` Հայաստանի սրտում, ինչո՞ւ Հայաստանի սրտում, որովհետև սա Թումանյանի ծննդավայրն է, մենք վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք և դա ի շնորհիվ Ձեզ` պարոն Կարո Արմեն»,- ասել է վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սփյուռքի գործիչներից մեկի հետ երեկ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: «Ասում էի, որ պատմագիտության մեջ ընդունված է նշել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հիմքը: Շատ եմ այդ թեմայի մասին մտածել և արձանագրել եմ, որ մեր հեղափոխությունը ևս ունեցել է իր տնտեսական հիմքը, որովհետև հեղափոխությունն իրականում սկսել է շատ ավելի վաղ, քան տեղի է ունեցել: Իհարկե, մենք սկսել ենք քաղաքական գործընթացները, բայց մինչ այդ տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք չեն ընկալվել որպես հեղափոխություն, սակայն դրանք ստեղծել են հեղափոխության տնտեսական հիմքը: Մեր հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր գիտության, կրթության, բիզնեսի ոլորտում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ կոռումպացված տրամաբանության շրջանակից»,- նշել է վարչապետը:


Կառավարության ղեկավարը հավելել է, որ 2017 թվականին գրել էր մի հոդված, որի իմաստն այն էր, որ Հայաստանը պատրաստ է տնտեսական թռիչքի: «Տեսնում էի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել նախաձեռնություններ, ամենակարևորը, որ Սփյուռքի մի շարք գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերմունքի փոփոխություն է եղել, նրանք եկել են եզրակացության, որ բարեգործության տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ, իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք կօգնեն մարդկանց գործել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ չի թերագնահատում բարեգործությունը և խոնարհվում է բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր տարբեր անհրաժեշտ ժամանակներում եղել են մեր հայրենակիցների կողքին:


Նիկոլ Փաշինյանի խոսքով` Սփյուռքի գործիչների գործունեության հին բանաձևն է եղել օգնել մարդկանց, որ նրանք վերապրեն դժվարությունը, իսկ նոր բանաձևն այն նույն բանաձևն է, որի արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը` օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենք իրենց:


«Սա է նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը, որովհետև ինչո՞վ են տարբերվում մնացած քաղաքական շրջանները նախորդ գարնանից, ո՞րն էր այն բանաձևը, որ ի վերջո փոխվեց: Այն շատ պարզ էր. նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, հույս կապում նրանց հետ, անելիքը տեսնում էին քաղաքական առաջնորդների դաշտում, իսկ նախորդ տարի մարդիկ հավատացին իրենք իրենց, ոչ թե հարթակում կանգնած մարդկանց: Նրանք հասկացան, որ իրենք են որոշիչ ուժը Հայաստանի Հանրապետությունում: Այսպիսի կենտրոնները և ընդհանրապես հեղափոխությունը մեր երեխաներին ասում են մի բան` դուք կարող եք փոխել աշխարհը բառիս բուն իմաստով: Նմանատիպ կենտրոնների և նախագծերի գաղափարական իմաստը դա է` օգնել պատանիներին, մեծահասակներին, որպեսզի նրանք հավատան, որ կարող են փոխել աշխարհը և իմանան, որ դրանից առաջ իրենք պետք է կարողանան փոխել իրենք իրենց»,- ասել է վարչապետը:


Գործադիրի ղեկավարն ընդգծել է` կառավարության դերը նրա մեջ է, որպեսզի ստեղծի պայմաններ, ենթակառուցվածքներ, որ մարդիկ կարողանան իրենք իրենց վրա աշխատել: «Հեղափոխությունը սա է, որ 40, 50 տարեկան մարդը կարող է գալ երեխայի հետ նույն սենյակում նստել և ինչ որ բան սովորել: Ես ինձ համարում եմ այսպիսի արժեքների կրող: Ես եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր և գնացել եմ ամերիկյան համալսարանում 9-րդ դասարանի երեխաների հետ սովորել անգլերեն: Հեղափոխությունը դա է: Եթե մեզնից յուրաքանչյուրն ամեն օր մի նոր բան չի սովորում, կորցնում է ժամանակը, ինքը փորում է մեր բոլորիս և իր առաջին հերթին հուսահատության փոսը: Մենք դուրս ենք եկել հուսահատության փոսից, բայց դեռևս քայլում ենք հույսի կածաններով, մեզ անհրաժեշտ է կառուցել հույսի մայրուղին: Մենք գիտենք ինչ պետք է անել դրա համար, Հայաստանն ագրարայինից պետք է վերածվի արդյունաբերական երկրի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ սա է այն ճանապարհը, որը պետք է փոխի մեր կյանքը:


Իսկ դրա համար, ըստ վարչապետի, պետք է վերամշակող արդյունաբերության, սարքաշինության, բարձր տեխնոլոգիաների, սպասարկման, բանկային, զբոսաշրջային ոլորտներին աջակցող ծրագրեր իրականացնել և զուգահեռ հասնել այսպիսի կենտրոնների հիմնման:


Վարչապետն ընդգծել է, որ առաջին հերթին պետք է երեխաներին պատրաստել ապրելու և ստեղծագործելու հզոր արդյունաբերական երկրում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` նրանցից յուրաքանչյուրը պետք է հավատա ինքն իրեն, հավատա, որ կարող է լինել ինժեներ, գիտնական:


«Երբ խոսում ենք տեխնոոլոգիական իրականության մասին` շատերին թվում է, որ հումանիտար կրթությունը նսեմացնում ենք: Ոչ, տեխնոլոգիական իրականության համար պետք է ունենալ զարգացած արվեստ, գրականություն: Երբ ասում ենք արդյունաբերական երկիր` պետք է հասկանանք, որ այդ արդյունաբերությանն էներգիա տվողը մշակույթը, կրթությունն են: Մենք պետք է այս ճանապարհով քայլ առ քայլ վստահ առաջ շարժվենք: Սա իսկապես մեր ճանապարհն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն անդրադառնալով Հայաստանում դեմոգրաֆիական խնդրին` նշել է, որ անընդհատ այս հարցը քննարկում են, լսում տարբեր փորձագետների կարծիք, ովքեր ասում են ինչ պետք է անել: «Մինչդեռ կարող ենք ընդամենը նայել մեր պատմությանը, տեսնել, թե ինչպես և ինչ պայմաններում է եղել, որ Հայաստանում բնակչության թիվը կրկնապատկվել է: Դա եղել է այն ժամանակ, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, այո դա եղել է խորհրդային ժամանակներում, բայց դրա զարգացման հեղինակները եղել են մեր հայրերը, պապերը: Այդ շրջանում ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են` Հրանտ Մաթևոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Վահրամ Փափազյանը, Գոհար Գասպարյանը, Հրաչյա Ներսիսյանը: Ուզում եմ սրանով ցույց տալ, որ այո՛, մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան է փոխում մեր իրականության մեջ: Այսպիսի կենտրոնների դերը հենց դրանով է բացառիկ, որ մենք օգնում ենք մեր երեխաներին, որպեսզի հավատան իրենց, որ Հայաստանի քաղաքացին առաջին հերթին հավատա ինքն իրեն, մնացածները` նախարարները, պատգամավորներն ընդամենը իր ատացոլանքն են, որովհետև վարչապետին ինքն է ստեղծում իր պատկերով և իր նմանությամբ: Մեզ համար մեծ պատիվ է այսօր լինել մեր ժողովրդի ցանկությունների, երազանքների, ձգտումների, նպատակների, ուժի և իմաստնության արտացոլումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի խոսքով, նախորդ տարի Հայաստանում տեղի է ունեցել մի հեղափոխություն, որն աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ, որովհետև մեր ժողովուրդն է այդպիսին: «Երկար տարիներ Հայաստանում տեղի են ունեցել աննկատ պրոցեսներ: Հարց կծագի, թե ինչո՞ւ նման կենտրոնները չեն ճնշվել, որովհետև նրանք գործել են այլ մտածողության մեջ, օլիգարխին հետաքրքիր չի եղել մտածելը, նրանց հետաքրքիր է եղել թե ումից ինչ կարելի է խլել: Ահա այս բարձրության ներքո իրականության մեջ ստեղծվել է նոր իրականություն և դրա հեղինակը հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս կենտրոնին, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ փոփոխությունների հիմքն են դրել»,- նշել է վարչապետը` հույս հայտնելով, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը բոլոր մարզերում այսպիսի կենտրոններ կստեղծի:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է սփյուռքահայ գործիչների` Հայաստանում գործունեություն ծավալելու երրորդ փուլը: Վարչապետի խոսքով` առաջինը եղել է բարեգործության, օգնություն ցուցաբերելու փուլը, երկրորդը` զարգացման ծրագրերի իրականացման, երրորդը և վճռական նշանակություն ունեցողը` Հայաստանի արդյունաբերացման փուլն է: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այս փուլում ևս Սփյուռքը լինելու է շատ ավելի ակտիվ:


Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջերս որոշում է կայացրել հայրենիքին մատուցած ծառայությունների շքանշանով պարգևատրել «Տավուշ տեքստիլ»-ի հիմնադիր Սուրեն Երիցյանին, ով ծնված լինելով Տավուշում` արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն, հիմնադրել գործարաններ և ունեցել հաջողություններ, սակայն եկել և սահմանամերձ գոտում հազարից ավելի արդյունաբերական աշխատատեղեր է ստեղծել ու այդ պրոցեսը շարունակվում է:


«Պարոն Կարո Արմեն, հեղափոխությունն ընդամենը Ձեր, Սուրեն Երիցյանի և մեր այլ գործընկերների նման մարդկանց գործունեության պտուղն է քաղել` հրապարակ բերելով կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն: Այս ամենի վերաբերյալ, բնականաբար, որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց գործել է ազգի ոչ միայն ինքապահպանման բնազդը, այլ ապրելու, հաղթելու, հզորանալու, սեփական պատմական ճակատագրի ցիկլը ճեղքելու ցանկությունը: Մեր պատմական փորձը բավարար է, որպեսզի դուրս գանք մեզ փոքրացրած պարտությունների ցիկլից: Եկել է մեր հաղթելու ժամանակը, եկել է խելքի, մտքի դարը: Մենք ունենք խելք, միտք, տաղանդ, նշանակում է` մենք հաղթելու ենք և այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է, այս երեխաները մեր հաղթանակի ամենամեծ հերոսներից մեկն են, որոնց աստղն ամեն օրվա հետ ավելի ու ավելի պայծառ պետք է փայլի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Այնուհետև վարչապետը պատասխանել է հավաքվածների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ իրեն դրդել է սկսել հեղափոխության քայլարշավը` նշել է. «Ֆորմալ առումով իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին և երբ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել` դրա հիմնական ուղերձը եղել է հետևյալը. դրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկել եմ բանաձև, որ յուրաքանչյուրն ասի, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկը մարդ ես եմ: Դա պատասխանատվություն է և այդ պահից սկսած իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ միշտ փորձել եմ հասկանալ, թե այդ քայլն ինչքանո՞վ է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Շատ են խոսում օրենքի մասին, ասում են` պետք է լինի խիստ օրենք, բայց շատ կարևոր է մեր ներքին օրենքը, որ ունենք: Առաջին հերթին շատ ավելի կարևոր է, թե մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն ինչքանո՞վ է սահմանափակում որպես լրագրող, պատգամավոր, քաղբանտարկյալ, վարչապետ: Ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացված պաշտոնյայից: Չկոռումպացվածն ունի ներքին արգելանքներ: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


6 միլիոն դոլարի ներդրմամբ ՍՄԱՐԹ կենտրոնի այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և ստեղծելու հնարավորություններ` դրանք համայնքներում կիրառելու համար: Կենտրոնը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր երեխաների, պատանիների և մեծահասակների համար։ ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են` նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։


Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մասնագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։