Ստամբուլյան կոնվենցիան կառավարությունում պաշտոնապես չի քննարկվում. Մակունց
Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, այն կառավարությունում պաշտոնապես չի քննարկվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մեր խմբակցությունը նախատեսում է շատ խորքային և մանրամասն քննարկում ծավալել խմբակցության ներսում, որից հետո փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ կունենա ձևավորված դիրքորոշում: Դրանից հետո մենք կհայտնենք մեր տեսակետը»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ թեև կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ, բայց իրենք արդեն իսկ մենք ուսումնասիրում են այն:
Մակունցը չհամաձայնվեց այն տեսակետի հետ, թե խմբակցությունը որևէ դիրքորոշում չի հայտնել ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, իսկ պատգամավորները խուսափում այդ մասին խոսել.
«Այն պարագայում, երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Բայց վստահեցնում եմ, որ հարցի վերաբերյալ տեսակետ հայտնելու առնչությամբ պատգամավորների վրա որևէ ճնշման մասին խոսք լինել չի կարող, պարզապես խմբակցությունում դեռ քննարկում չի եղել,- հավելեց նա: