ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի ՀՀ-ում հոսանքի տատանումների հետ կապված. Վանեցյան
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների եւ անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց Վանեցյանը:
«Չնայած նախնական տվյալները կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն, հետաքննություն իրականացվի եւ գնահատական տրվի՝ միտում եղել է, թե չի եղել, ցուցաբերվել է անգործություն, թե՝ ոչ։ Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Արձագանքելով Վանեցյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու պատճառները։ «Բայց երեկ ժամը 20։00-ին արդեն ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը։ Շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, հուլիսի 10-ին Հայաստանում մասշտաբային հոսանքազրկումներ են գրանցվել: Վթարի պատճառով անջատվել էր Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Հանրապետությունն անցել էր էլեկտրաէներգիայի սպառման արտակարգ ռեժիմի: Երեւանի մետրոն դադարեցրել էր աշխատանքը, մարդիկ տարհանվել: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել՝ խաչմերուկներում չէին գործում լուսացույցները:
Երեկոյան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ էներգետիկ համակարգում բոլոր խնդիրները չեզոքացված են։