26.11.2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի վերաբերյալ լրացումը
prev Նախորդ նորություն

Եթե հոսանքազրկման աղբյուրն Իրանից է, դա սպառնալիք է ՀՀ և Արցախի անվտանգությանը. քաղաքագետ

Եթե ճշմարիտ է այն, ինչ երեկ ասում էր էներգետիկայի փոխնախարարը, որ Հայաստանի, թեկուզև մասնակի, հոսանքազրկումը իրանական էլեկտրահմակարգում տեղի ունեցած տատանման հետևանք է, ապա դա խիստ վտանգավոր է: Այս մասին հայտարարել է քաղաքագետ, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:


«Եթե իրոք այդպես է, ու աղբյուրն Իրանից է, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը։


Ապրիլյան պատերազմում Ադրբեջանն օգտագործեց դրոններ, դրանց կառավարումն ու լիկվիդացումը իրականացվում է էլեկտրականությանը միացված սարքերով ու եթե հանկարծ այնպես պատահի, որ պատերազմական գործողություններ սանձազերծվեն ու պատահաբար նման մի տատանում լինի նույնպիսի հետևանքով, փաստացիորեն անգամներով կմեծանա հայկական ռազմուժի և ոչ միայն ռազմուժի խոցելիության մակարդակը: Ըստ էության կզրկվենք արդիական զինատեսակների և կիրառումից և լիկվիդացման հնարավորությունից։


Ուստի առավել քան հրատապ խնդիր է դառնում զինված ուժերի և պաշտպանական համակարգերի սեպարատ էլեկտրաապահովման հարցի լուծումը, ինչպես նաև այնպիսի համակարգերի ներդրումը, որոնք կկարողանան կայունացնել տատանվող էլեկրականության թափանցումը Հայաստան: Այլապես էլեկտրատատանումը կարող է նույնքան արդյունավետորեն օգտագործվել մեր դեմ, որքան իննսունականներին գազատարի պայթեցումները: Մտածեք տղերք, պատասխանատուն դուք եք»,- գրել է Արմեն Զաքարյանը  Facebook-ի իր էջում:


Հիշեցնենք, հուլիսի 10-ին Հայաստանում մասշտաբային հոսանքազրկումներ են գրանցվել: Վթարի պատճառով անջատվել էր Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր արտադրողներ։ Հանրապետությունն անցել էր էլեկտրաէներգիայի սպառման արտակարգ ռեժիմի: Երեւանի մետրոն դադարեցրել էր աշխատանքը, մարդիկ տարհանվել: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել՝ խաչմերուկներում չէին գործում լուսացույցները:


Երեկոյան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ էներգետիկ համակարգում բոլոր խնդիրները չեզոքացված են։