Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելու պատճառը Հայաստանի ապակառուցողական դիքորոշումն է:
Նա հայտնել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի: Ստատուս քվոյի փոփոխություն նշանակում է ադրբեջանական հողերը օկուպացումից ազատելու սկիզբ»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանը շարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր թեզի պնդումը ՝ հողեր՝ ոչ մի բանի դիմաց:
Բաքուն չի պատրաստվում ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ինքնորոշման իրավունքի իրացումը Ղարաբաղում հասկանում է միայն իր տարածքային ամբողջականության շրջանակում՝ ինքնավարության տրամադրման տեսքով:
Ալիևը մեսիջ է հղում Մինսկի խմբին, որ հայկական կողմի դիրքորոշումն ապակառուցողական է՝ դրանով հիմք ստեղծելով իր համար խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու և ապակառուցողական կողմ ՀՀ-ին ներկայացնելու համար:
Այսինքն, Հայաստանի նոր իշխանությունների ջանքերն Արցախը վերադարձնել բանակցային սեղան Բաքուն համարում է ապակառուցողական, իսկ այսօրվա ստատուս-քվոյի պահպանումը՝անընդունելի:
Բաքուն կրկին անգամ փորձում է պրեսինգ կիրառել Մինսկի խմբի նկատմամբ, որ Ադրբեջանը դեռևս չի պատերազմում, քանի որ հույս ունի Մինսկի խումը հողերը հանձնելու հարցում ճնշումներ կգործադրի հայկական կողմերի վրա, սակայն Բաքվի համբերությունն անսահմանափակ չէ:
Ղարաբաղյան բանակցային գործընթացը չնայած հանդիպումների մակարդակով շարունակվում է, սակայն հարցի կարգավորումը մտել է խորը փակուղի՝ Ադրբեջանը չի գնալու ոչ մի զիջման, իսկ հայկական կողմերը 7 շրջանների վերադարձի դեպքում կազմաքանդում են Արցախի ողջ անվտանգային համակարգն ու ադրբեջանցի փախստականների վերադարձման դեպքում փոխվելու է Արցախի ողջ էթնիկ-կրոնական դեմքը, ինչին Երևանն ու Ստեփանակերտը գնալ չեն կարող:
Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի: ՀՀ-ն նույնպես ՌԴ-ի օգնությամբ շարունակում է գնել նոր զինատեսակներ և դրանով փորձում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ և թույլ չտալ Բաքվին սկսել պատերազմ:
Ղարաբաղյան գործընթացում ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է լինել միայն ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի դեպքում, իսկ դիվանագիտական լուծումը, որը ենթադրում է ադրբեջանցի փախստականների և 7 շրջանների վերադարձ, հայաթափելու է Արցախն ու հարվածի տակ դնելու Սյունիքն ու մոտեցնելու է Անկարա-Բաքու տանդեմի պանթուրքիստական պլանների կատարման հավանականությունը: