24.01.2025
Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությունը հնարավոր է միայն պատերազմով
prev Նախորդ նորություն

Եվրամիությունը պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն. Տուսկ

Եվրամիությունը պատրաստ է սատարել ԼՂ հակամարտության կողմերի հասարակություններին խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին: Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ։


Նա նշել է, որ ԵՄ-ն քաջալերված է ԼՂ հակամարտության այս տարվա իրադարձությունների դրական դինամիկայով։ Ուրախացնող է նաև պատրաստակամությունը` ժողովուրդներին խաղաղության պատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա շեշտադրում անելու։


«Մենք նաև ՄԽ համանախագահների մտահոգությունն ենք կիսում` շփման գծի երկայնքով զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն խաղաղության համար նպաստավոր միջավայրը վերականգնելու և իրական բանակցությունների համար»,– ասաց Տուսկը։


Նրա խոսքով` հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրան անհրաժեշտ է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին։


ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ուշադրությանը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա հիմնված հանգուցալուծում գտնելու: ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է խաղաղության կառուցմանն ուղղված գործողություններին և պատրաստ է սատարել բնակչությանը խաղաղության նախապատրաստման կոնկրետ միջոցառումներին»,-ասաց Դոնալդ Տուսկը։


Նշենք, որ Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։