24.11.2024
Մեր ձեռքը չի դողա նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն վերածնել բռնության քարոզչություն. վարչապետ
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ Կոնգրես բանաձև է ներկայացվել

Հունիսի 20-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մյուս համանախագահներ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես:


Բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության, օգնությունից առևտուր ձևաչափով համագործակցության և ՀՀ ժողովրդավարացման հարցերում ԱՄՆ աջակցության վերաբերյալ:


Բանաձևում նշվում է նաև ԵԱՀԿ ՄԽ գործընթացում ՀՀ շարունակական կառուցողական դերի, ինչպես նաև հիշատակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից 1994թ. ստորագրված հրադադարի մասին:


Համաձայն բանաձևի` ԱՄՆ Կոնգրեսը նշում է ԱՄՆ-Հայաստան շուրջ հարյուրամյա հարաբերությունները, երկու ժողովուրդների միջև հարատև բարեկամությունն ու կառավարությունների միջև ամուր կապերը, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներդրումը Միացյալ Նահանգների զարգացմանը:


Կոնգրեսը նաև շնորհավորում է Հայաստանի ժողովրդին խաղաղ և սահմանադրական ուղիով իշխանափոխության իրականացման, ինչպես նաև 2018թ. դեկտեմբերին կայացած ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ:


Բանաձևը Հայաստանին ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կոչ է անում` միտված ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` ռազմական խորհրդատվությունների անցկացման միջոցով երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: