ԲՀԿ օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չկա. Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ ալյանսի հարց չի քննարկում: ԲՀԿ օրակարգում այս պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ Քոչարյանի աջակիցների հայտարարությունը՝ ստեղծվելիք ալյանսի մասով, բացառապես իրենց գործունեության դաշտն է: «Մենք ունենք մեր օրակարգը և այդ օրակարգում որևէ մեկի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկվում», - շեշտեց պատգամավորը:
Իվետա Տոնոյանը հրաժարվեց նաև կանխատեսումներ անել այն հարցի շուրջ, թե արդյոք բացառում է, որ հետագայում ԲՀԿ-ն, այդուհանդերձ, կարող է դաշինք կազմել Քոչարյանի հետ.
«Ես սկզբունքորեն երբեք կանխատեսումներով չեմ զբաղվում: Կրկնում եմ՝ այն իրավիճակը, որն այսօր ունենք, հետևյալն է՝ մեր օրակարգում նման հարց չկա»: