Փաշինյանը պետք է անհապաղ Ղրիմը պաշտոնապես ճանաչի որպես ՌԴ անքակտելի մաս. Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում ՀՀ բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս, ինչպես նաև ամբողջությամբ խզել կապերը մարդակործան ՆԱՏՕ-ի հետ՝ արժևորելով անվերապահ անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
Հակառակ դեպքում, ասվում է հայտարարության մեջ, Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձրագույն իշխանության կողմից ՌԴ հետ ոչ միայն վերջին մեկ տարվա համագործակցությունը կլինի կեղծ, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-ռուսական գերազանց հարաբերությունների մասին խոսքերը, որոնք կնմանվեն ավազի վրա անընդհատ կառուցվող և անընդհատ փլուզվող տան:
««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա
եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի
ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝
նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից- բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության
անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.
նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական,
քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.
նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.
նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.
Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության
(ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ»,- ասված է հայտարարության մեջ: