Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմելու է ՄԻԵԴ. փաստաբան
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը սպառված է համարում արդարադատությունը ներպետական ատյաններում և օրենքով սահմանված կարգով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն։ Այդ իսկ պատճառով վերջին դատական ակտը չեն սպառելու ներպետական ատյաններում և աղաղակող խախտումներով դիմելու են Եվրոպական դատարան:
«Մանվել Գրիգորյանի գործով աղաղակող են նյութական և իրավական խախտումները, դրանց հիմքով դիմում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասաց նա, նշելով, որ վարույթն իրականացնող մարմինները միջամտում են իր պաշտպանյալի վերաբերյալ գործի քննությանը։
Որպես օրինակ նա մատնանշեց, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Բայց միևնույն ժամանակ Քրեական օրենսգիրքը պահանջում է, որ եթե անձը առերևույթ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով փոխհատուցում է այդ պարտավորությունները՝ ուղղակի պարտավոր են գործը կարճել։ Դա իմպերատիվ պահանջ է, սակայն վարույթն իրականացնող մարմինն այդ գործն ուղարկել է դատարան։