ՀՀ և ՌԴ իրավապահների համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է (տեսանյութ)
22.04.2019
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից: Տեղեկատվությունն ավելի վաղ հաստատել էր անեւ ՀՔԾ-ն:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ:
Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:
Այժմ քննարկվում է Պողոսյանի արտահանձնման հարցը: Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործով համապատասխան փաստաթղթեր կուղարկի Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին:
ԴԱՀԿ ծառայության նախկին պետը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: