23.11.2024
Մամուլի տեսություն. Սամվել Բաբայանը չի ցանկանում առաջնորդել Արցախի ընդդիմությունը
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. ՌԴ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության և կայունության կարևոր բաղադրիչ է

Հայ-ռուսական դաշնակցային միջպետական հարաբերությունները խարսխվում են երկու ժողովուրդների պատմական սերտ առնչությունների վրա: ՌԴ-ի հետ սերտ փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման և կայունության կարևոր բաղադրիչներից է: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» 5-րդ մեդիա համաժողովի ընթացքում:

Ինչպես նա նշեց, ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, 2014թ. երկրների առևտրաշրջանառությունը կազմել է $1,4 մլրդ-ից ավելի, Հայաստանում ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություններ են գործում, իսկ ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ գերազանցել են $3 մլրդ-ը:

«Ես վստահ եմ, որ դահլիճում նստած շատ-շատերի համար այս թվերը փոքր և ծիծաղելի են երևում, բայց հավատացեք, որ Հայաստանի նման փոքր պետության և փոքր տնտեսության համար այս թվերը չափազանց կարևոր են: Ռուսաստանի հետ համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, ենթակառուցվածքային, արդյունաբերական և այլն: ՌԴ-ում ոչ պաշտոնական տվյալներով մոտ 2 մլն հայ է բնակվում: ՌԴ հետ շարունակական փոխգործակցության զարգացումն ընթանում է նաև միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Մեծապես կարևորում ենք ՌԴ-ի ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը», - ընդգծեց նախագահը:

ՀՀ արտաքին քաղաքականությունը, Սարգսյանի խոսքով, մշտապես կառուցվել է տարբեր համակարգերի փոխլրացման, տարածաշրջանում ներգրավված խոշոր տերությունների շահերի համադրման վրա: "Անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ-ն միաժամանակ ակտիվորեն զարգացրել է իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ խաղաղապահ առաքելությունների միջոցով իր նպաստը բերելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը: Մեր երկիրը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ է զարգացրել և զարգացնում ՌԴ-ի հետ", - հավելեց նա: