23.11.2024
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սամվել Բաբայանը չի ցանկանում առաջնորդել Արցախի ընդդիմությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է բացատրում տոտալ առնետավազքը ԲՀԿ-ից, երեկ ասաց. «Շատ բնական եմ համարում, և սա առնետավագք չէ, պարզապես կուսակցությունը ձևավորել է Ծառուկյանը, մարդիկ համախմբվել էին, այսօր Ծառուկյանը քաղաքականության մեջ չէ, և յուրաքանչյուրը պարտավորությունից ազատվում է»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին՝ Աժ նախագահը նշեց. «Այդ գործընթացը կախված է ինձնից, դա միանձնյա որոշման խնդիր ունի, վերջնական եզրակացությունը օրեր անց կհրապարակեմ»»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամներից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: «ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»: Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի նախկին պատգամավորին չէր օգնել»:

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Նման որևէ խնդիր չկա, ամեն ինչ արդեն կարգավորված է, և երեկ ես անձամբ եմ վերցրել կուսակցության բոլոր փաստաթղթերը: Ուստի կրկին անգամ խորհուրդ եմ տալիս՝ այս կամ այն մարդու ոչ ճիշտ վարքագիծը չկապել Ծառուկյանի անվան հետ: Իսկ թե օրեր առաջ ով ում չի թողել մտնել կուսակցության նախկին շենք՝ այդ թեման այլևս փակված է: Ծառուկյանը, բնականաբար, դրանից տեղյակ չի եղել, և ես խորհուրդ եմ տալիս իմ բոլոր գործընկերներին` յուրաքանչյուրին զբաղվել իր գործով»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով մամուլում այս օրերին շրջանառվող լուրերին, որ ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին թույլ չեն տվել մտնել ԲՀԿ այլևս նախկին գրասենյակ և վերցնել կուսակցությանը պատկանող փաստաթղթերը: Համաձայն այդ լուրերի՝ դա արվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի ներքին «հրահանգով»»:

«168 ժամ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է: «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին տված, իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»,-ասել է Արթուր Թովմասյանը»։

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԲ-ն արձանագրել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում միջազգային դրամական փոխանցոմների համակարգով դեպի ՀՀ փոխանցված գումարները 2013 թվականի համեմատ նվազել են 24 տոկոսով և կազմել 162 միլիարդ դրամ: Միևնույն ժամանակ, այդ ժամանակահատվածում Հայաստանից արտասահման կատարված փոխանցումները աճել են մոտ 5 տոկոսով և կազմել 74 միլիարդ դրամ: Տվյալ դեպքում խոսքը մասնավոր տրանսֆերտների մասին չէ, այլ ընդհանուր կապիտալի շարժի: Այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ արտարժույթի ներհոսքի կտրուկ նվազման պայմաններում աճել է դրա արտահոսքը և «արտարժութային քաղց է» առաջացնում ֆինանսական համակարգում: Բանկային համակարգից ստացված տեղեկություններով, այդ միտումները շարունակվել են նաև այս տարի: Սա լուրջ խնդիր է առաջացնում Հայաստանի բանկային համակարգի համար և կարող է նոր ցնցումներ առաջացնել ՀՀ ֆինանսական շուկայում»: