Խաղաղության մթնոլորտի ստեղծումը, ինչի մասին հաճախ հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում անհնար է, քանի դեռ «ՀՀ-ի օկուպացիոն զորքերը դուրս չեն եկել Ադրբեջանի տարածքից» և հետ չեն վերադարձել ադրբեջանցի փախստականները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ադրբեջանի ԱԳՆ այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Բաքուն բանակցությունների սեղանին առկա մադրիդյան փաստաթուղթն ընկալում է միայն տարածքների և ադրբեջանցի փախստականների վերադարձի ալգորիթմով:
Ադրբեջանը մարտավարական առումով նախ ցանկանում է առանց մեկ կրակոցի ու իր զինվորների մահվան հետ վերադարձնել Արցախի շուրջ առկա անվտանգության գոտին, որը Ստեփանակերտում համարում են իրենց տարածքի անբաժանելի մասը և չի պատրաստվում դրանք վերադարձնել Բաքվին: Ադրբեջանը ցանկանում է 7 շրջանները վերադարձնելով ամբողջությամբ` կազմաքանդելով 30 տարի շարունակ կառուցված հայկական պաշտպանական ռազմագիծն ու ռազմական լոգիստիկան, թուլացնելով թե’ Արցախի բանակի դիրքերը, թե’ բարելավելով սեփական ստարտային պայմաններն ապագա պատերազմի դեպքում:
Երկրորդ, ադրբեջանցի փախստականների վերադարձը նշանակում է Արցախի շուրջ ադրբեջանական օղակի ստեղծում. Արցախը վերածվում է կիսաանկլավային տարածքի ընդամենը մոտավորապես 5.000 քկմ տարածքով: Բաքուն ադրբեջանցի փախստականներին օգտագործում է, որպես դեմոգրաֆիական զենք Ղարաբաղի դեմք: Բաքուն տարիներ շարունակ խոսում է մեկ միլիոն փախստականի մասին, այսինքն խոսում է այնպիսի թվերի մասին, որոնք կարող են լիովին փոխել տարածաշրջանի դեմոգրաֆիկ, էթնիկ, կրոնական դեմքը:
Ադրբեջանի նպատակն է մարտավարական առումով փոխել Լեռնային Ղարաբաղի շուրջ դեմոգրաֆիական, ռազմական ստատուս-քվոն, իսկ ռազմավարական առումով՝ Արցախը դատարկել հայերից ու միավորել այն Ադրբեջանին:
Ադրբեջանը շարունակում է իր մաքսիմալիստական դիրքորոշումը բանակցային գործընթացում և չի ցանկանում գնալ անգամ չնչին զիջումների: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ, Բաքվի ռազմա-քաղաքական ղեկավարությունն էլ ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը:
Հումանիտար և այլ նախաձեռնությունները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև Արցախում չի կարող փոխել Բաքվի վերջնական նպատակը, դա միայն բանակցային իմիտացիա է և Ադրբեջանի համար ժամանակի երկարաձգում՝ նպաստավոր ժամանակահատվածում Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու և հարցը ռազմական ճանապարհով փակելու համար, քանի որ Բաքուն գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի քաղաքական լուծում:
ՀՀ-ն ու Արցախը չեն գնալու միակողմանի զիջումների և պայքարելու են Արցախի համար մինչև վերջ՝ համախմբելով թե’ տեղի հայությանը, թե’ հայկական սփյուռքը: