Ստորագրվել է ՀՀ-ՌԴ զբոսաշրջության լիազոր մարմինների 2019-2021թթ․ գործողությունների ծրագիրը
Ապրիլի 4-ին Մոսկվայում կայացած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ ՏԶՆՆ զբոսաշրջության կոմիտեի և Զբոսաշրջության դաշնային գործակալության (ՌԴ) միջև 2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը»:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոնյուշկովը։
Ծրագիրը միտված է ամրապնդել բարեկամական կապերը երկու պետությունների ժողովուրդների միջև և նպաստել երկու երկրների տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային ներուժի աճին։
2019-2021թթ․ համատեղ գործողությունների ծրագրի նպատակներից է․
• Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զբոսաշրջային փոխայցելությունների հետ կապված ընթացակարգերի դյուրացումը,
• հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև կապերի հաստատումը,
• զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված փորձագետների և լրագրողների փոխանակումը,
• երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև զբոսաշրջային և հյուրընկալության ոլորտի կադրերի պատրաստման բնագավառում տեղեկատվության և փորձագետների փոխանակումը,
• երկու պետությունների զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացումը և համատեղ կրթական ծրագրերի իրականացումը,
• զբոսաշրջության ոլորտում ներդրումներ իրականացնող հայաստանյան և ռուսաստանյան զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցության զարգացումը:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի առողջարանային և վերականգնողական ծառայություններ մատուցող առողջարանների և հյուրանոցների մեծ ներուժը և ցանկանալով նպաստել առողջարանային զբոսաշրջության զարգացմանն ու առողջարանների որակի բարձրացմանը՝ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմին տրամադրել ամփոփ տեղեկատվություն Հայաստանի առողջարանային-վերականգնողական կազմակերպությունների վերաբերյալ։