26.11.2024
Ստորագրվել է ՀՀ-ՌԴ զբոսաշրջության լիազոր մարմինների 2019-2021թթ․ գործողությունների ծրագիրը
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ՝ գործ հարուցելու խնդրանքով

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից:


Վերջինս նշեց, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից. «Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ կարող է կալանքը կրել: Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է եւ ոչ իրավաչափ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»:


Բաղդասարյանը նշեց նաեւ, որ եզրակացության մեջ գրված է եղել, որ թեեւ Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է սպառնալ:


Ճշտելու համար՝ արդյունքում գործ հարուցվել է թե ոչ, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոն: Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին: