Ոստիկանները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
09.04.2019
Վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ: Հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Սահմանվեց շուրջօրյա հսկողություն, ճշտվեց խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվեցին դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվեցին նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվեցին մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպում էին Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում: Հանդիպումից հետո կասկածյալները նստում էին խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվում Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում կայացվեց միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ կային, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ: Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրեցին տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվեցին նաև դարանակալումներ:
Ինչպես երևում է կադրում՝ մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվում է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց վերադառնում են պարկերով ու հեռանում:
Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխում էին Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան, բեռնափոխադրման մեքենայով տանում էին մետաղի ընդունման կետ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա:
Հարուցվեց քրեական գործ գողության հատկանիշներով:
Հանցավոր խմբին վնասազերծելու օպերացիան կազմակերպելու համար հարկավոր էր մի քանի օր հետևել նրանց հանցավոր գործունեությանը, որպեսզի պարզվեն գործողությունների բոլոր հանգամանքները, իսկ վնասազերծելիս հայտնաբերվեն խմբի բոլոր անդամները, նաև օժանդակող անձինք:
Ապրիլի 4-ին՝ կեսգիշերին խումբը կրկին շարժվեց նույն ուղղությամբ: Դարձյալ ոստիկանների տեսադաշտում պարկերը տեղափոխեցին մեքենա, իսկ առավոտյան՝ կրկին մետաղների ընդունման կետ:
Երբ ամեն ինչ պարզ էր, այսինքն իրավապահները գիտեին, թե որտեղից, ինչ են գողանում, և որտեղ իրացնում գողողը, որոշում կայացվեց վնասազերծել խմբի անդամներին:
Նույն օրը՝ ապրիլի 4-ի առավոտյան, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցավոր խումբը վնասազերծվեց մետաղների ընդունման կետում, և բոլոր կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Բերման ենթարկվածներն էին՝ երևանցիներ 34-ամյա Արման Մանուկյան, 36-ամյա Գուրգեն Ղռանտոնյան, 31-ամյա Սերգեյ Մեհրաբյան, 41-ամյա Գևորգ Բաղդասարյան, 32-ամյա Մերուժան Մանուկյան, եղբայրներ 37-ամյա Նշան ու 36-ամյա Գրիգոր Նշանյաններ, 36-ամյա Ալբերտ և 37-ամյա Ռոբերտ Նիգոյաններ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց լիցքավորիչով տեսախցիկ: Կասկածյալները տեղադրել էին այս տեսախցիկը տրանսֆորմատորի դիմաց, օնլայն բջջային հեռախոսներով հետևել ջերմաէլեկտրակայանի աշխատակիցների շարժին, ընտրել էին հարմար պահն ու գնացել գողություն կատարելու:
Խուզարկություններ կատարվեցին կասկածյալների բնակության վայրերում ու մեքենաներում:
Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ: Կասկածյալները կալանավորված են:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: