23.11.2024
ՀՀ կառավարությունը կհոգա Տուլայում վթարված ավտոբուս զոհերի հուղարկավորության և տուժածների բուժման ծախսերը
prev Նախորդ նորություն

Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի Ղարաբաղի մասին վիճահարույց զեկույցը

Մոսկվան աջակցում է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նվիրմանը: Այդ մասին այսօր Երեւանում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի աշխատանքային այցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը քննարկել են մի շարք հարցեր, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը՝ սատարելու կողմերին, որպեսզի նրանք հասնեն փոխընդունելի եւ կոնսենսուսի վրա հիմնված կարգավորմանը: Դա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - նշել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով կոմիտեի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում բռնության աճ» զեկույցը:

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը կազմվել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում, քանի որ հայկական կողմը չի մասնակցել այդ աշխատանքներին՝ համաձայն չլինելով վերնագրի ձևակերպման հետ: Հայաստանի ԱԺ պատվիրակությունը հայտարարել էր, որ զեկույցի նախագծի վերնագիրն արդեն իսկ հուշում է Ուոլթերի կողմնակալ վերաբերմունքի մասին: Խոչընդոտ էր տեսել բրիտանացի զեկուցողի հետ համագործակցության հարցում նաև պաշտոնական Ստեփանակերտը:

Ուոլթերի հեղինակած զեկույցում մասավորապես կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Փաստաթղթում անհրաժեշտ է համարվում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներս, դեմ ենք այս թեման դուրս հանելուն տարբեր միջազգային հարթակներ, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ: Համենայնդեպս, ոչ ոք նրանց միջազգային հանրության կողմից նման բան չի հանձնարարել», - ասել է Սերգեյ Լավրովը, հայտնում է Մեդիամաքսը: «Համանախագահների եռյակը լիազորված միջնորդ է ԼՂ կարգավորման գործում: Ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ միայն վնասում են համանախագահների աշխատանքին», - շեշտել է ռուսաստանցի նախարարը: