23.11.2024
Հերթական խոշոր յուրացումները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

«Bye-bye» Իրինա Ռոդնինա. գեղասահքի դպրոցը կանվանափոխվի հայ-ռուսականի

Երևանի ավագանին համաձայն է Երևանում գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանել հայտնի սկանադլից հետո: Դպրոցը Երևանում գործում է 2015 թվականից սկսած և, ի դեպ, սա միակ դպրոցն է, որ կրում է ռուս գեղասահորդուհու անունը: 


Հիշեցնենք, փետվարի 26-ին Բաքվում կայացել է հակահայ երթ, որին ի թիվս այլ ռուս պատգամավորների մասնակցել է նաև Իրինա Ռոդնինան։  Իրինա Ռոդնինան հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ ինքն ու իր գործընկերները չեն կարող աննկատ թողնել այս հանգամանքը.


«Վերջին շաբաթների ընթացքում «Լույս» խմբակցությունով սերտորեն ներգրավված ենք եղել դպրոցը վերանվանելու շուրջ բանակություններում: Որոշեցինք, որ այն կանվանափոխվի Հայ-ռուսական գեղասահքի դպրոց: Առաջարկում եմ բոլոր խմբակցություններին միանալ այս առաջարկին», - ասաց նա իր ելույթում:


Իրենց հերթին, խմբակցությունների ղեկավարները նշեցին, որ միանում են նախաձեռնությանը։ Հարցը կքննարկվի ավագանու արդեն հաջորդ նիստում:


Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տարակուսանք է հայտնել առ այն, որ ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։


«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- մասնավորապես հայտարարել է Արարատ Միրզոյանը։