Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Հանրապետության նախագահ Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ օդանավի կործանման մասին, ինչը պատճառ դարձավ մի քանի տասնյակ ազգերի ներկայացուցիչների և անձնակազմի մահվան։
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով այս ողբերգությունը հաղթահարելու համար»։
Հիշեցնենք, Boeing 737 Max 8 ինքնաթիռը կործանվել է կիրակի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արևմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդհանուր առմամբ՝ ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամ: