ՀՀ-ի 2016թ.-ի բյուջեի նախագիծը դարձել է այն բացասական տենդենցների արտացոլանքը, որոնք վերջին ամիսների ընթացքում նկատվել են տնտեսությունում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կառավարության այլ անդամների շուրթերից վերջին ամիսներին լսվող լավատեսական գնահատականները, ներդրումներ ներգրավվելու խոստումներն այսօր փոխվել են բացասական կանխատեսումներով: Ակնհայտ է, որ զգալի տնտեսական աճ և մարդկանց կենսամակարդակի բարելավում սպասել պետք չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարնում 2016թ.-ի բյուջեի քննարկմանը հայտարարեց, որ արտաքին անբարենպաստ տնտեսական կլիմայի պայմաններում ՀՀ-ում լուրջ աճ և մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացում խոստանալ՝ նշանակում է զբաղվել պոպուլիզմով: Կառավարության ղեկավարը նշեց, որ ռուսական տնտեսությունում առկա խնդիրները, էներգակիրների գների անկումը, ռուսական ռուբլու արժեզրկումը դանդաղեցրել են հայկակական տնտեսության աճը, նվազեցրել է նրա ներուժը:
Աբրահամյանի խոսքով, հեղինակավոր միջազգային կառույցները տնտեսությունում առկա խնդիրները շատ ավելի բարդ են համարում, քան 2008-2009թթ.-ին ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ: Ըստ Աբրահամյանի, մարդկանց կենսամակարդակի բարձրացման միակ ճանապարհը՝ նոր ներդրումների ներգրավումն է, տեղական արտադրության խթանումը և արտահանման ավելացումը: Նրա խոսքով, հայկական կառավարության խնդիրը երկարաժամկետ ռազմավարության մշակումն է՝ ճիշտ հարկա-բյուջետային քաղաքականության իրականացումը:
2016թ.-ի պետական բյուջեի նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1.2 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1.4 տրիլիոն, դեֆիցիտը կկազմի մոտ 200 միլիարդ դրամ կամ սպասվող ՀՆԱ-ի 3.5%-ը:
Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր
Վարդան Բոստանջյանի կարծիքով, ՀՀ կառավարությունը զբաղեցրել է ավելի իրատեսական դիրքորոշում և բյուջեի նախագիծը դարձել է այդ իրատեսության արտացոլանքը: Փորձագետը վստահ է, որ ռեցեսիան պայմանավորված է հիմնականում օբյեկտիվ գործոններով: «Վարչապետը, որպես գործադիր իշխանության ղեկավար, իհարկե, չի կարող խոսել այն դժվարությունների մասին, որոնք մեզ սպասվում են: Սակայն ակնհայտ է, որ մեզ պետք կլինի ձգել գոտիները, ինչի մասին էլ խոսում է բյուջեի նախագիծը: Մենք կունենանք դեպի բյուջե հարկային մուտքերն ապահովելու խնդիր», - նշել է Բոստանջյանի
VERELQ–ի հետ հարցազրույցում: Տնտեսագետը զգուշանում է, որ տարվա սկզբին կանխատեսվող 4%-ոց աճն այդպես էլ կման թղթի վրա:
Կառավարության նկատմամբ ավելի քննդադատական է տրամադրված տնտեսագետ, ընդդիմադիր ՀԱԿ անդամ
Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով, բյուջեի նախագիծն ի ցույց է դրել այսօրվա տնտեսական համակարագի չկայացված լինելու հանգամանքը: «Իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը չի կարող ապահովել ոչ տնտեսական աճ, ոչ ներդրումների ներգրավվում: Ներդրումների համար բարենպաստ միջավայր է անհրաժեշտ: Այն գոյություն չունի՝ չկան արդյունավետ պետական ինստիտուտներ, չկա անկախ դատական համակարգ, չկա վստահություն համակարգի նկատմամբ: Բովանդակային մասով բյուջեն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»,-նշել է նա մեզ հետ զրույցում:
Ըստ Խաչատրյանի՝ բյուջեն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, ավելացնում է երկրի արտաքին պարտքը: 2016թ.-ի բյուջեի նախագծով բյուջեի եկամտային մասը կազմելու է մոտ 1.2 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝ 1.4 տրիլիոն դրամ, դեֆիցիտը կազմելու է մոտ երկու հարյուր միլիարդ դրամ կամ սպասվող ՀՆԱ-ի 3.5%-ը: Խաչատրյանի խոսքով, այդ դեֆիցտը լրացնելու համար, իշխանությունները վերցնելու են նոր վարկեր, դրանով ավելացնելով պարտքի բեռը և այն հասցնելով 5.5 միլիարդ դոլար: «Այսպիսով, ՀՆԱ-ի հարաբերակցությունն արտաքին պարտքին կանցնի 50%-ը: Հավանաբար իշխանությունները հենց դրա համար էլ փոխել են օրենսդրությունը՝ փոխելով պետական պարտքի կառուցվածքը, որպեսզի առանձնացնեն ԿԲ-ի պարտքը կառավարության պարտքից»,-նշել է տնտեսագետը: