23.11.2024
Սոցհարցում. ՀՀ-ում քաղաքացիների 86.1 տոկոսը ՌԴ-ը համարում է բարեկամ երկիր
prev Նախորդ նորություն

Աբրահամյան. Գլոբալ փոփոխությունները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա

Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, գլոբալ կառուցվածքային փոփոխություններն իրենց հետքն են թողնում Հայաստանում տնտեսական իրավիճակի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարնում 2016թ.-ի բյուջեի քննարկմանը:

Նրա խոսքով, արտաքին անբարենպաստ տնտեսական կլիմայի պայմաններում ՀՀ-ում լուրջ աճ խոստանալ և մարդկանց կենսամակարդակի կտրուկ բարձրացում՝ նշանակում է զբաղվել պոպուլիզմով:

Վարչապետը տարվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը տարին կփակի 4%-ոց տնտեսական աճով: Այսօր էլ կառավարության ղեկավարը նշել է, որ ռուսական տնտեսությունում առկա խնդիրները, էներգակիրների գների անկումը, ռուսական ռուբլու արժեզրկումը դանդաղեցրել են հայկակական տնտեսության աճը, նվազեցրել է նրա ներուժը:

Աբրահամյանի խոսքով, հեղինակավոր միջազգային կառույցները տնտեսությունում առկա խնդիրները շատ ավելի բարդ են համարում, քան 2008-2009թթ.-ին ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ:

Ըստ Աբրահամյանի, մարդկանց կենսամակարդակի բարձրացման միակ ճանապարհը՝ նոր ներդրումների ներգրավումն է, տեղական արտադրության խթանումը և արտահանման ավելացումը: Նրա խոսքով, հայկական կառավարության խնդիրը երկարաժամկետ ռազմավարության մշակումն է՝ ճիշտ հարկա-բյուջետային քաղաքականության իրականացումը:

Նշենք, որ 2016թ.-ի պետական բյուջեի նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1.2 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը՝1.4 տրիլիոն, դեֆիցիտը կկազմի մոտ երկու միլիարդ դրամ կամ սպասվող ՀՆԱ-ի 3.5%-ը:

Աբրահամյանը հայտարարել է, որ 2016թ.-ի բյուջեն ունի խիստ սոցիալական ուղղվածություն, քանի որ բյուջետային միջոցների կեսը ծախսվելու են սոցիալական, կրթական, հումանիտար ոլորտների վրա: Նա նաև նշել է, որ ՀՀ-ը հաջորդ տարի շարունակելու է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին: