25.11.2024
Թեհրանում ստորագրվել են ՀՀ և Իրանի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարապետյանը շարունակում է հանդիպումները` ձեռքը պահելով ներքաղաքական «պուլսի» վրա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կարապետյանի հանդիպման սիրելի վայրը «Հրազդան» հյուրանոցի նախասրահի սրճարանն է: Կարապետյանը հիմնականում խոսում է Հայաստանի տնտեսության եւ քաղաքական համակարգի դեգրադացիայից եւ առաջարկում է համատեղ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ վերջին շրջանում բոորին մտահոգվող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից շատերը մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ պատրաստվում են այդ առաջարկությունը ներկայացնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը: Նախնական որոշվել է այդ հանդիպումը կազմակերպել հաջորդ շաբաթ` լիագումար նիստերի ավարտից հետո, քանի որ այս շաբաթ հանդիպումներ արդեն իսկ ծրագրված են: Այսօր խորհրդարան կգա ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, իսկ վաղն էլ` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Դատելով ՊՎԾ-ի շուրջ ընթացող պրոցեսներից` Դավիթ Սանասարյանին բավական դժվար հանդիպում է սպասվում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության կալանավորված աշխատակիցների գործից, որի հիմքում բժշկական ոլորտի տենդերներն են, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած։ Նախկինում կահույքի բիզնես անող կազմակերպությունը որոշել է առողջապահական մատակարարումներով զբաղվել, եւ հանուն դրա փոխվել են մրցութային պայմանները։ Մեզ բացատրեցին, որ առողջապահական մատակարարումների պայմանները փոխել կարող է միայն տվյալ բժշկական հաստատությունը՝ ԲԿ տնօրենը։ Դա նշանակում է, որ մեղադրյալների թվում պետք է լինի նաեւ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը։ Սակայն բանն այն է, որ տնօրեն Արման Հովակիմյանն առաջնորդվել է ՊՎԾ-ից ստացված գրությամբ, որտեղ նրան հրահանգել են փոխել մրցութային պայմանները։ Քիչ հավանական է, որ այս գրության մասին նա չի զեկուցել իր անմիջական ղեկավարին՝ առողջապահության նախարարին։ Բայց մեզ հավատացնում են, որ հենց այդպես էլ եղել է։ Գրությունն ուղարկողները կալանքի տակ են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին տեսել էին Հանրապետական կուսակցության՝ Մելիք Ադամյանում գտնվող գրասենյակ մտնելիս։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ էր անում նա ՀՀԿ-ում՝ գուցե գնացել էր Սերժ Սարգսյանի՞ն հանդիպելու, ինչ-որ հարց քննարկելու կամ գործի ընթացքի մասին տեղեկացնելու։ Նա մի փոքր մտածելուց հետո ասաց․ «Չէ։ Ի՞նչ գործ ունեմ ես Սերժ Սարգսյանի հետ։ Չի հանդիպել, եթե նա ուզեր ինձ որեւէ բան փոխանցել, հազար ճանապարհ ուներ դա անելու համար․․․ Ես ՀՀԿ-ում եղել եմ մի առիթով, բայց ոչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու նպատակով։ Հնարավոր է ինձ մտնելուց կամ դուրս գալուց ինչ-որ մեկը տեսել է եւ հեռուն գնացող հետեւություններ է արել»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Հայաստանում ՌԴ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով, որը Ռուսաստանում նշվում է փետրվարի 23-ին: Այս միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանական երեք խմբակցություններից եւ արտախորհրդարանական ուժերից: Ներկաների ուշադրությունից չի վրիպել, որ միջոցառմանը ներկա չեն եղել ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանում բացարձակ իշխանություն ունեցող ՀՀԿ ներկայացուցիչները»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում: Ըստ տեղեկությունների, կազմի վերջնական տարբերակը նախօրեին քննարկվել է վարչապետի մոտ, որպեսզի հետագայում ավելորդ գլխացավանք չլինի: Նախօրեին Միրզոյանը ելույթով հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովում, ի դեպ, բավականին մատչելի, վարժ եւ հստակ ռուսերենով: Թերթը պարզել է, սակայն, որ վերջին պահին ԱԺ նախագահի ելույթի տեքստը խմբագրվել եւ փոփոխության է ենթարկվել՝ հատկապես Սումգայիթի եւ Խոջալուի ջարդերի հատվածը, քանի որ նա ելույթի այդ հատվածը կարդում էր առանձին թերթիկից: «Ցաքուցրիվ» տեքստի «մեղավորը» , թերթի՝ պատվիրակությունում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի կողմից ՖԲ-ում կատարած գրառումն էր, որով նա կարեւորում էր ջարդերի մասին Դաշնային ժողովում խոսելու հանգամանքը: Ստացվում է, որ, չնայած քաղաքական հակառակ ճամբարներում գտնվելուն, Միրզոյանը չի անտեսել Աշոտյանի կոչը: Ըստ տեղեկության, այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Մեր աղբյուրի պնդմամբ, Միրզոյանը նախատեսել է հանդիպել նաեւ ռուսահայ գործարար սեկտորի հետ, սակայն հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չի կայացել»:


«168 ժամ» թերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել: Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի համանախագահ` նշանակել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին: Դիվանագիտական տեսանկյունից երկու կողմերի պատվիրակությունների ղեկավարների պաշտոնները պետք է համադրելի լինեն. եթե Հայաստանը փոխխոսնակի է նշանակում՝ որպես համանախագահ, ապա նույնն ակնկալվում է նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից։ Այդ մասին Արարատ Միրզոյանը բաց տեքստով խոսեց Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, ռուսական կողմը մտադիր չէ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության համանախագահի պաշտոնում նշանակել համարժեք պաշտոնյայի։ Ավելին, ռուսական կողմը, ըստ նույն աղբյուրների, իր տարակուսանքն է հայտնել Արարատ Միրզոյանի կողմից այդ հարցի քննարկման կապակցությամբ։ Բանն այն է, որ ռուսական կողմից համանախագահի պաշտոնը մինչեւ հիմա զբաղեցնում է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը: Այսինքն` Արարատ Միրզոյանի խոսքը ընդունվել է՝ որպես ուղիղ Ռիժկովի դեմ հնչած խոսք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահների առաջին այցը, ավանդաբար, դեպի Մոսկվա է եղել: Այդպես է նաև Արարատ Միզոյանի դեպքում, սակայն վերջինիս այցն ուշագրավ արարողակարգային-բովանդակային նյուանս ունի. մինչ այժմ ԱԺ նախագահների` Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի այցերը կազմակերպվում էին այնպես, որ վերջիններս համաժամանակյա հանդիպեն ՌԴ Պետդումայի երկու պալատների ղեկավարների հետ` և՛ Դաշնային խորհրդի վերին պալատի, և՛ սենատի, այն է` Պետդումայի սփիքեր Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ «Սակայն Վոլոդինի հետ Արարատ Միրզոյանի հանդիպում նախանշված չէ. հաշվի առնելով ռուսաստանյան բարդ, կայսրական պրոտոկոլը, սա հաստատապես պատահական չէր կարող լինել։ Հիշենք, որ Վոլոդինը համարվում է ուժայինների ներկայացուցիչը Պետդումայում, առավել սարթ գործչի համարում ունի, ի տարբերություն Մատվիենկոյի, և ակնհայտ է, որ այդ օրերին Մոսկվայում գտնվող Վոլոդինի հետ չհանդիպելն ուրույն մեսիջ է հայաստանյան իշխանություններին, որ` «սիրում» ենք ձեզ, բայց փայտը ձեռներից ցած չենք դնում. շատ չենք վստահում սիրո ձեր խոստովանություններին»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը: Ինչո՞ւ նման հանդիպում չի նախատեսվել։ «Մեր քայլի» պատգամավորներից մեկն ասաց. «Ոչ մի խնդիր չեմ տեսնում` գուցե ևս մեկ այց էլ լինի` առանձին Վոլոդինի հետ հանդիպելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը։ Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, որի դրվագներից մեկով արտասահմանում գտնվող դասախոսներն աշխատավարձ են ստացել բուհից։ «Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա. տարիներ առաջ տեղի է ունեցել նմանատիպ մի դեպք, երբ արդեն նախկին ԿԳ փոխնախարար, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մեկ կիսամյակ բացակայել է երկրից, ու մեկ ուրիշը, ստորագրելով իր փոխարեն, աշխատավարձ է ստացել»,- պատմեցին բուհի աշխատակիցները։ Երեկ ողջ օրը Հովհաննես Հովհաննիսյանն իր երկու համարով էլ չպատասխանեց մեր զանգերին, որ ճշտեինք՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԵՊՀ-ում անցկացվելու է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստ: Օրակարգում մեկ հարց է` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Քանի որ օրեր առաջ Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել էր՝ ինքը հրաժարական ներկայացնելու միտք չունի, երեկ մեկնաբանությունների համար կրկին դիմեցինք ռեկտորին: «Նիստը կկայանա, այն ժամանակ կասեմ: Հիմա չեմ կարող որեւէ բան ասել… Ես հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ: Չեմ նկատում ոչինչ: Կան մարդիկ, որոնք ուզում են, որ լիազորություններս դադարեցվի, կան մարդիկ, որոնք չեն ուզում: Նիստը ցույց կտա: Հոգաբարձուների խորհրդում երկու տեսակետ կա, եւ դա բնական է: Ես ինչպես կարող եմ ասել` քվեարկությունը ոնց կլինի»,- ասել է Սիմոնյանը՝ բացառելով ինքնակամ հեռանալու տարբերակը: Տեղեկացնենք, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակը երեկ քննարկվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, որտեղ հրավիրվել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Եվ իշխող խմբակցությունում տեսակետ է հնչել, որ պետք չէ Սիմոնյանին հեռացնել, քանի որ հարցը կարող է քաղաքական ենթատեքստ ստանալ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցիկ երկիր: «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ բանակցություններից հետո: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ծրագրի մասին ժամանակին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ 2017թ. օգոստոսին` Իրան աշխատանքային այցի ժամանակ: «Մենք պատրաստ ենք մասնակցել դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման ծրագրին: Եթե համապատասխան քննարկումների արդյունքում դա շահավետ լինի շահագրգիռ բոլոր կողմերին, ապա այդ ծրագիրը կարելի է իրականացնել»,- ասել էր նա: Բայց Սերժ Սարգսյանի ազդարարած մյուս ծրագրերի նման Հայաստանն իրանական գազի համար տարանցիկ երկիր դարձնելու գաղափարը եւս մնաց օդից կախված: Մինչ այդ մեկ կարեւոր փաստ էլ. Փաշինյանի այցի ժամանակ խոսք է գնացել Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների ավելացման մասին: «Իրանի նախագահը նշեց, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը: Իսկ Իրանի նախագահը նշել է. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալել` գազը արտահանելու դեպի Վրաստան»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Ժիրայր Սեֆիլյանի վերջին շրջանի ակտիվությունն անմիջական կապ ունի Արցախի շուրջ ընթացող զարգացումների հետ, քանի որ այս փուլում այդ հարցի վերաբերյալ առկա է անորոշություն, եւ այն հաճախ է դառնում քաղաքական շահարկումների առիթ: Թերթը պարզել է, որ ինչպես 2016-ին, երբ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթանում էր լուրջ բանակցային գործընթաց (Սանկտ Պետերբուրգ, Վիեննա), այնպես էլ հիմա, ռուսական շրջանակները փորձում են ամեն կերպ ՀՀ քաղաքական դաշտում ընթացող գործընթացները հարմարեցնել իրենց եւ օգտվել դրանից. այս դեպքում Սեֆիլյանի հայտարարությունը, որը բացահայտ սպառնալիք է ՀՀ իշխանություններին, բխում է ռուսական կողմի շահերից: Ըստ էության, բնական է, որ պաշտոնական Մոսկվան ՀՀ ներքաղաքական ասպարեզում միշտ փորձել է իր շահերին համընկնող գաղափարակիցներ ունենալ եւ այդ հանգամանքը ծառայեցնել իր պետական շահերի ու հետաքրքրությունների համար»: