25.11.2024
Մամուլ. Կարապետյանը շարունակում է հանդիպումները` ձեռքը պահելով ներքաղաքական «պուլսի» վրա
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի ֆիասկո. Հայաստանը չի դառնալու հակաիրանական պլացդարմ Հարավային Կովկասում

Մեր երկու երկրների նպատակն է, որպեսզի աշխատանքներն առաջ տանենք ըստ մեր շահերի եւ թույլ չտանք, որպեսզի որեւէ երրորդ երկիր միջամտի այդ աշխատանքներին եւ համագործակցությանը: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


ՀՀ վարչապետի այցն Իրան ունի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն: Տնտեսական բաղադրիչն հայ-իրանական հարաբերություններում պետք է հագեցնել նոր ծրագրերով և կյանքի կոչել հին ծրագրերը՝ Հյուսիս-Հարավ մայրուղին, Իրան-Հայաստան երկաթգիծն ու ՀՀ-Իրան էներգետիկ միջանցքի ստեղծումը, որը կարող է դառնալ եռակողմ՝ ՌԴ-ՀՀ-Իրան ֆորմատով:


Ռոհանիի հայտարարությունը հստակ ազդակ է ԱՄՆ-ին՝ երրորդ երկրին, որը ցանկանում է միջամտել ՀՀ-Իրան հարաբերություններին ու փորձում խաթարել այդ կապերը: Իրանի համար կարևոր է, որ բարեկամ Հայաստանը շարունակի մնալ սուվերեն պետություն ու չդառնա Հարավային Կովկասում հակաիրանական պլացդարմ կամ բուֆերային պետություն՝ ի շահ ամերիկյան գեոպոլիտիկ ծրագրերի:


Իրան-ՀՀ հարաբերությունները պետք է բխեն երկկողմ տնտեսական և քաղաքական շահերից ու ոչ մի երրորդ երկիր չպետք է միջամտի Երևանի համար այդքան կենսական նշանակություն ունեցող երկրի՝ Իրանի հետ բարեկամական կապերի զարգացման ծրագրերին:


ՀՀ-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերություններն ու շեշտել, որ ՀՀ-Իրան հարաբերություններում եղանակը շատ լավ է:


Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նոր իշխանություններն առաջին դեմքի մակարդակով հայտարարում են, որ Իրանը բարեկամ երկիր է և Երևանը ցանկանում է կյանքի կոչել Իրանի հետ էներգետիկ-տրանսպորտային բոլոր նախագծերն ու անգամ ավելացնել իրանական գազի ներկրումն ու դառնալ տարանցիկ երկիր՝ Իրանի գազը դեպի Վրաստան արտահանելու համար:


Թեհրանի մեսիջին առ այն, որ որևէ երրորդ երկիր չպետք է խանգարի Իրան-ՀՀ հարաբերությունների զարգացմանը, պաշտոնական Երևանը հստակ արձագանքում է, որ Իրանը շարունակելու է մնալ բարեկամ երկիր, իսկ տնտեսական ծրագրերին ոչինչ չի սպառնում:


Շատ կարևոր է, որ Իրան-ՀՀ քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները հարստանան նաև տնտեսական լուրջ ծրագրով, քանի որ Իրանը լուրջ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր է իրականացնում Ադրբեջանի հետ՝ Երևանն ուղղակի իրավունք չունի զիջել Բաքվին իրանական դիվանագիտական ուղղության վրա: