Աննախադեպ. դատավորն անվստահություն է հայտնել ԲԴՀ նախագահ Գագիկ Հարությունյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանն անվստահություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին: Նա այս մասին գրառում է կատարել իր Facebook-յան էջում:
«Ես՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանս, անվստահություն եմ հայտնում Հայաստանի Հանրապտության Սահմանադրության խախտմամբ ընտրված և տարիքը լրացած լինելու հիմքով լիազորությունները դադարած Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին», - ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Դատավորները օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր: Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորներ են եղել, որոնք անձամբ խնդրել են ԲԴԽ անդամներին, որ իրենց աջակցեն ընտրվել, բացի այդ նշվում է, որ ընտրվածների մեջ եղել են դատավորներ, որոնք սնանկության գործեր քննելու փորձ չեն ունեցել, մինչդեռ չընտրվածները փորձառու դատավորներ են, անգամ սնանկության թեմայով դասախոսություններ են կարդում: