2019թ.-ը կարող է բեկումնային լինել ղարաբաղյան հարցի կարգավորման առումով: Այդ մասին բազմաթիվ անգամ հայտարարել են Բաքվից: Սակայն Բաքվի լավատեսությունը պետք է առաջին հերթին սթափեցնող լինի Երևանի ու Ստեփանակերտի համար, քանի որ Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցն ունի երկու լուծում`կամ ռազմական, որի արդյունքում Արցախը ամբողջությամբ հայաթափվում է, կամ, ինչպես վերջերս հայտարարել էին Բաքվի իշխանությունները, Ղարաբաղին տրվելու է ինքնավարության բարձր աստիճան`Ադրբեջանի սահմանների ներքո:
Երկու տարբերակներն էլ անընդունելի են ՀՀ-ի ու Արցախի համար, սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաքուն բանակցությունների քողի տակ բթացնում է հայկական կողմերի ուշադրությունն ու պատրաստվում լայնածավալ պատերազմի, ինչի մասին խոսում են մի շարք հանգամանքներ:
Նախ`2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմն այսպես կոչված հետախուզություն էր մարտով(разведка боем),ստուգելու համար ղարաբաղյան ճակատի թույլ և ուժեղ կողմերն ու բացահայտելու Մոսկվայի հնարավոր արձագանքն այդ սադրանքին: Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց գրավել մի շարք ռազմավարական դիրքեր`Թալիշի մերձակայքում ու Արցախի հարավում`Լելե Թեփեի ուղղությամբ: Այդ երկու հենակետերը հաջորդ պատերազմում թույլ են տալու Բաքվին ռազմական գործողություններ վարել ավելի բարենպաստ ստարտային պայմաններով:
Բացի այդ, վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ միջդիրքային տարածության կամ չեզոք գոտու հաշվին կարողացավ առաջ գալ ու կրճատելով միջդիրքային տարածությունը սպառնալ ՀՀ-ի ռազմավարական կարևորությամբ ճանապարհներին`Երևանը` Սյունիքի ու Իրանի հետ կապող ճանապարհին ու Երևան-Գորիս-Լաչին ճանապարհին, ինչը հարվածի տակ է դնելու հայկական զորքերի տեղաշարժը դեպի Արցախ:
Բաքուն օգտագործել է ՀՀ-ում թավշյա հեղափոխության հետ կապված իրադարձությունները նախիջևանյան ուղղությամբ դիրքերի ամրապնդման համար`դա արվում է հաջորդ պատերազմում Նախիջևանից ամբողջ ՀՀ-ին, այդ թվում Սյունիքին ու Երևանին սպառնալու համար: ՀՀ-ն ստիպված կլինի մեծ քանակությամբ զորքեր պահել Նախիջևանի սահմանին`այդ կերպ Արցախին չկարողանալով մեծ քանակությամբ օգնություն տրամադրել լայնածավալ պատերազմի դեպքում:
Վերջերս էլ Ադրբեջանն իր սահմանապահ զորքերին տեղակայեց ՀՀ-ի Տավուշի մարզի սահմանին`հայ-ադրբեջանական պետական սահմանին, իսկ այդ ուղղությունից լրացուցիչ ստորաբաժանումներ հանեց և տարբեր տեղեկությունների համաձայն այդ ուժերը տեղակայեց Ղարաբաղի ուղղությամբ`այդ կերպ ուժեղացնելով այն հարվածային խմբավորումը, որը հաջորդ պատերազմում գործելու է Արցախի դեմ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանապահ զորքերը նույպես լավ զինված ու պատրաստված են ու այդ կերպ Բաքուն ամրապնդում է նաև Տավուշի սահմանը:
Ռազմական պատրաստությունը շարունակվում է նաև նոր զենքեր գնելու ու բանակի արդիականացման ուղղությամբ քայլերի միջոցով`Բաքուն զենքեր է գնում Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից`այդ տեղեկությունները բաց են և հայտնի են դառնում ԶԼՄ-ների միջոցով`կան բազմաթիվ փակ կամ գաղտնի գնումներ, որոնց մասին հայտնի կդառնա միայն պատերազմի օրերին:
Բաքուն փորձում է հայկական կողմերի համար բանակցային գործընթացում առաջացնել ցուգցվանգ`բանակցել շրջաններ հանձնելու մասին, ինչն անընդունելի է հայկական կողմերի համար կամ գնալ լայնածավալ պատերազմի`պատերազմի սպառնալիքով Ադրբեջանը փորձում է հասնել բանակցային գործընթացում միակողմանի զիջումների:
2019թ.-ն իրոք բեկումնային է լինելու`հայկական կողմերը պետք է կարողանան վերազինել բանակը, պատրաստել հասարակությանը ցանկացած սցենարի`չգնալ միակողմանի զիջումների ու տնտեսական հաջողություններ գրանցելով ուժեղացնել ՀՀ-ի ու Արցախի բանակներն`այդ թվում ՌԴ-ի ռազմական ներուժն օգտագործելով: