VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում քննարկում են խորհրդարանական ընտրություններից հետո համագումար հրավիրելու հարցը: ՀՀԿ ներկայացուցիչները կարծում են, որ կուսակցությունը պետք է նոր նախագահ ունենա՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ Սարգսյանը վայելում է ոչ միայն կուսակիցների աջակցությունը, այլև կարող է ՀՀԿ-ն դուրս բերել հետիշխանական դեպրեսիայից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար: Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից` մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին` 92.3 մլն դոլար: Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը` փորձելով ճողոպրել այստեղից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ Երևանի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին ասել է, որ ապագա կառավարությունում կադրային նշանակումները կատարվելու են ըստ թեկնածուների ստացած ձայների քանակի: Սա էլ իր հերթին լարվածություն է առաջացրել թիմի ներսում, քանի որ առաջադրված թեկնածուների մի մասը նախարարներ են կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ մեր աղբյուրի՝ լարվածությունն այն աստիճանի է սրվել, որ թեկնածուների մի մասը ձայներ ստանալու համար արդեն դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը՝ խոստանալով փոխադարձ ծառայություններ իրենց դիրքերը իշխանության ներսում ամրապնդելու դիմաց»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀԿ-ն պառլամենտ չմտնի, չխանգարի իրենց «աշխատել»։ Օրվա վարչախումբը հեռուն գնացող նպատակներ ունի, որոնք առաջին հերթին առնչվում են սահմանադրական փոփոխություններին, նախագահական համակարգին վերադառնալուն (եւ ոչ միայն), իսկ այդ հարցերում միակ ընդդիմախոսն ու «խանգարող հանգամանքը» կարող է լինել ՀՀԿ-ն։ «Կրակակետի» տակ են հայտնվել ՀՀԿ ռեյտինգային այն թեկնածուներն ու նրանց շրջապատը, որոնք ձայներ բերելու մեծ հնարավորություն ունեն, հատկապես Երեւանում ռեյտինգայինով առաջադրված Հարություն Կարապողոսյանն ու Արման Սահակյանը։ Եղել են դեպքեր, որ նրանց հետ փոխկապակցված անձանց (ինչպես, ասենք, կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը) որպես վկա կանչել են ՀՔԹ ու անմիջապես կալանավորել որպես մեղադրյալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզում հիմնական «պարտիան» մարզպետ Վահե Ղալումյանի եւ Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ ՏԿ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանի միջեւ է։ «Մարտը» թեժ է, քանի որ եթե Սիփանը չանցնի ռեյտինգայինով, պատգամավոր չի դառնա՝ ցուցակի վերջում է։ Մարզպետն էլ ուզում է ապացուցել, որ մարզում «ասողն» ինքն է, եւ եւս 3 թեկնածու է առաջադրել, որոնք, ըստ բնակիչների, «կենսագրություն չունեն»։ Իսկ ցուցակի «ներքին օգտագործման տարբերակում», թեկնածուի անվան դիմաց նշված է, թե ով է նրան երաշխավորել։ Լուսինե Անտոնյանին, Հայկանուշ Բեգլարյանին, Հայկ Չոբանյանին երաշխավորել է մարզպետը։ Այստեղ իր սեփական խաղն ունի նաեւ Արարատ Միրզոյանը․ նրա թեկնածուն վերահսկողականի աշխատակից Էդգար Ճաղարյանն է, որը փորձում է վարչական լծակներ կիրառել, սակայն Սիփանի «ներկայությունը» կաշկանդում է»:
«Իրատես» թերթը գրում է. «Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել «դրսի ուժերի» ակտիվ մասնակցությամբ: «Իրատեսի» հետ զրույցում մարզի անցուդարձին քաջածանոթ տեղաբնակներից մեկն ասաց, որ ԲՀԿ-ն քարոզարշավին Երևանից ավտոբուսներով մարդիկ է տարել՝ զանգվածային տեսարան ապահովելու համար. «Հատկապես Գավառում է մեծ ներկայություն ապահովել, որովհետև այդ տարածքի թեկնածուն նաև ցուցակի ֆավորիտներից է: Դպրոցականներն ու քոլեջի ուսանողները նույնպես ներկա են եղել քարոզարշավին: Դպրոցի դռները փակել են ու կոլեկտիվ ձևով եկել ԲՀԿ-ի քարոզարշավին։ Զարմանալի է, թե ինչպես են հաջողեցրել բանակցել դպրոցի ու քոլեջի տնօրենների հետ և կազմակերպված ձևով բոլորին Գավառի հրապարակ տանել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ Խոսքը Երեւանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։ Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան գործուղված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները վերջին օրերին ինտենսիվ հանդիպում են պատգամավորության ընդդիմադիր թեկնածուների հետ։ ՀՀԿ-ականները, մեր տեղեկություններով, հատորներով «նյութ» են տրամադրում եվրոպացի գործընկերներին, որոնք կարող են թանկ նստել Հայաստանի իշխանության հեղինակության վրա։ Մասնավորապես, փաստեր են ներկայացնում իրենց նկատմամբ ճնշումների, մարդկանց վախեցնելու, տարածքներում վախի մթնոլորտ հաստատելու, նոր իշխանությունների կողմից տարբեր գործողությունների վերաբերյալ։ Ընտրության հաջորդ օրը ԺՀՄԻԳ-ը կներկայացնի ընտրությունների նախնական զեկույցը, իսկ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մոտ 2 ամիս անց։ Երեկ, օրինակ, նրանք այցելել են Արարատի մարզից ՀՀԿ-ական թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանին։ «Եկել են մարզի իմ նախընտրական շտաբ, ժամուկես նստել են, հարցնում են՝ բա էս մարդ չի՞ գալիս ձեր շտաբ, ասել եմ՝ չէ, վախենում են։ Հարցրեցին՝ քանի՞ անդամ ունեք մարզում, ասեցի՝ 4147, բա տոմս ունե՞ն, ասեցի՝ որ ՀՀԿ անդամ են, ուրեմն տոմս էլ ունեն։ Այո, ամեն ինչ պատմել եմ էս վախի մթնոլորտի մասին, ասել եմ՝ մարզպետը սաղին վախեցնում է, իր շտաբում ամբողջ օրն իրար խփում են, հիմա մեր մոտ անեին, սաղիս հավաքել-տարել էին, երեւի բաց էլ չթողնեին, բայց հիմա կտեսնենք իրանցից ում են բռնում, ինչ են անում»,- ասել է Մուրադյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ: ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին երկու օդաչուները` փոխգնդապետ Արմեն Բաբայանը եւ մայոր Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել: Եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախաքննական մարմինը Պաշտպանության նախարարությունից վերցրել է դիսպետչերական կետի ձայնագրությունները: Պարզվել է` այդ օրը` 10:00-ի սահմաններում, օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի անձնակազմի հետ եւ հայտնել, թե եղանակային պայմանները լավը չեն: Ավելի ուշ կրկին օդաչուներից մեկը կապ է հաստատել դիսպետչերական կետի հետ եւ կրկնել, որ եղանակը շատ վատ է, եւ իրենք հետ են վերադառնում: Այս հայտարարությունից մի քանի րոպե անց դիսպետչերական կետը փորձել է խոսել օդաչուների հետ, սակայն վերջիններս որեւէ կերպ չեն երեւացել տեսադաշտում եւ առհասարակ կապի դուրս չեն եկել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր 88-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: 1988թ. դեկտեմբերի 7-ին ընդամենը հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին Հայաստանի հյուսիսային բնակավայրերը: Ավերիչ երկրաշարժից զոհվեց 25 հազար քաղաքացի, վիրավորների թիվն անցնում էր 31 հազարը, իսկ ավելի քան 515 հազար ընտանիք մնաց անօթեւան: Ողբերգություն, որի հետեւանքներն իրենց զգանցել են տալիս առ այսօր, եւ որի մասին կհիշենք դեռ շատ երկար: Մանավանդ, երբ երկրաշարժից 30 տարի անց ցավով պետք է արձանագրենք, որ աղետի գոտին չի վերականգնվել, ու Գյումրիում դեռեւս մնացած կիսափուլ որոշ շենքեր, «դոմիկ» կոչված ժամանակավոր կացարանները, որտեղ արդեն 30 տարի բնակվում են մարդիկ, շարունակում են մնալ երկրաշարժի կենդանի վկա, որպես ամոթալի խարան: 30 տարին քիչ ժամանակ չէր աղետի գոտին վերականգնելու համար, մանավանդ, երբ ժամանակին ահռելի գումարներ են տրամադրվել այդ նպատակով: Տրամադրվել, բայց, արի ու տես, որ տեղ չեն հասել, որովհետեւ նախկին իշխանությունների համար վերջին մոտ քսան տարում աղետի գոտին գումարների մի հսկա լվացքատուն էր` ատկատների անսպառ աղբյուր, սեփական գրպանի գերհարստացման համար: