25.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանի «վերջը» եկե՞լ է. ՀՀԿ-ն համագումար կհրավիրի
prev Նախորդ նորություն

Շատ փող, շատ անելիք. Փաշինյանը ներկայացրեց աղետի գոտու խնդիրների լուծման բանաձևը

ՀՀ կառավարությունն այսօր արտագնա նիստ է անցկացնում է Գյումրիում: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբեի 7-ի ավերիչ երկրաշարժի հազարավոր զոհերի:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ ծավալի մասին է խոսքը։ Նա հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կձևավորի ամբողջական տեղեկատվական փաթեթ: Սակայն Փաշինյանի դիտարկումը, թե ծանոթ չեն իրավիճակին, հակադարձվեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի կողմից, որը պնդեց՝ իրավիճակին ծանոթ են: 


«Այդ դեպքում՝ ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար»,- իր հերթին հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատարը: Էլոյանի պատասխանը լակոնիկ էր՝ շատ:

Փաշինյանն ասաց, որ հասկանալի է, որ շատ մեծ գործ կա անելու ու դրա համար շատ մեծ գումար է անհրաժեշտ.

«Պարոն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - դիմելով ԿԲ նախագահին հետաքրքրվեց նա: Այնուհետ, վերադառնալով աշխատանքային խումբ ստեղծելու հրամայականին, կրկնեց այն և հայտարարեց՝ պետք է ձևավորվի փաթեթ և ճանապարհային քարտեզ, թե որքան գումար է հարկավոր և ինչ պետք է արվի:

Էլոյանը իր հերթին տեղեկացրեց, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:

Տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած թվով 542 ընտանիքի նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

«Դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ դրամ։ 2019 թվականի պետբյուջեով արդեն իսկ նախատեսված է 560 մլն դրամ», - հայտարարեց Էլոյանը։

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, թե որքան գումար է հատկացվել աղետի գոտուն ընթացիկ տարում և որքան կհատկացվի 2019-ին: Ըստ այդ հաշվետվության, 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774 մլն 425 հազար դրամ՝ շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար:

Նա նաև նշեց, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազ. դրամ: Իսկ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։