Արամ Հարությունյանի «բախտը բերեց»՝ ԱԺ-ում քվորում չկա
ԱԺ հերթական նիստը այս պահի դրությամբ տապալված կարելի է համարել, քանի որ քվորում չկա: Նիստը, սակայն, հետաքրքիր է այն հանգամանքով, որ օրակարգում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը համաձայնություն տալու հարցը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց ԱԺ ներկայացած եզակի պատգամավորներին չլքել խորհրդարանը, քանի չորս ժամից կրկին լինելու է հերթագրում: Ըստ ամենայնի, սակայն, ԱԺ-ն այսօր քվորում չի ապահովի՝ բոլորը զբաղված են նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, նախօրեին Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: