14.10.2024
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է դեկտեմբերի 6-ին
prev Նախորդ նորություն

Հայաստանը նոր ավիափոխադրող կունենա

«Ալյանս» ավիաընկերությունը՝ վարչապետի և Հանրային խորհրդի որոշմամբ՝ առաջիկայում պատրաստվում է թռիչքներ իրականացնել։ «Հանդիպում է եղել Հովիկ Աբրահամյանի և Հանրային խորհրդի անդամների կողմից մի քանի ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Բայց քանի որ «Ալյանս»-ն ավելի պատրաստ էր, որոշվեց, որ հենց այս ընկերությունը ստանձնի աշխատանքը»,-հայտնեց Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Ավիաընկերությունը նախորդ տարվա ապրիլին է բացվել և այս պահին երկու՝ «Սուխոյ սուպերջեթ» տեսակի ինքնաթիռ ունի։ «Ես «Արմավիա» ավիաընկերության առաջին տնօրենն եմ եղել։ Այն ժամանակ էլ ասում էի, որ բաց երկնքի քաղաքականությունը մեր երկրի համար չէ դեռ»,-նշեց ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանը։

Մի քանի օրից նա պատրաստվում է պայմանագրեր կնքել արտերկրյա գործընկերների հետ։ «Նախատեսում եմ թռիչքները սկսել հաջորդ տարվա մարտի 27-ից, քանի որ ամառային շրջանն այդ ժամանակ է սկսվում։ Դեռևս երեք ուղղություն կլինի. Երևան-Մոսկվա, Երևան-Բեյրութ և Երևան-Թեհրան։ Սակայն ավելի ուշ չվերթները կավելացվեն՝ դեպի ռուսական քաղաքներ։ «Եվրոպա դեռ չեմ ուզում, քանի որ մրցակցությունն այնտեղ մեծ է»,-շեշտեց ավիաընկերության տնօրենը։

Հարցին, թե արդյո՞ք ձախողելու մտավախություն չունի նոր ավիափոխադրողը՝ հաշվի առնելով նախորդների փորձը, պարոն Սարգսյանը շեշտեց. «Դե «Արմավիան» մենաշնորհ ուներ շուկայում, իրավունք չուներ ձախողվելու։ Բայց ընկերությունը ոչ թե ձախողվեց, այլ ձախողեցին»։ Իսկ «Էյր Արմենիա»-ի տնօրենը, ըստ բանախոսի, ճիշտ է անում, որ բողոքում է բաց երկնքի քաղաքականության դեմ. այստեղ սխալ մարքեթինգի ու սխալ կազմակերպման հարց կար։

«Ալյանս»-ի ղեկավարը չի պատրաստվում համագործակցել նրանցից որևէ մեկի, մասնավորապես՝ «Արմավիա»-ի հետ, «քանի որ Միքայել Բաղդասարովն ավիացիայի մարդ չէ»։

Թեև պարոն Սարգսյանը երկու ինքնաթիռները լիզինգով է ձեռք բերել և դեռ Մոսկվայից պետք է հասցնի այստեղ, սակայն նա չի վախենում պատասխանատվությունից և չի կարծում, թե ֆինանսական խնդիրների առջև կկանգնի։
Երևանում կանցկացվի բողոքի ակցիա ընդդեմ պետական սեփականության վաճառքի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ