Կարծում եմ, որ դա շատ մեծ ու լուրջ հետևանքներ իր մեջ պարունակող սխալ է ներքաշել Արցախը հայաստանյան ներքաղաքական գործընթացներին և շահարկել այն նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Արցախն այն թեման է, որին շատ նուրբ պետք է վերաբերվել, հաշվի առնելով մեր հակառակորդներին և ցանկացած պարագայում պետք է փորձել խուսափել դրա շուրջ ցանկացած շահարկումներից: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին:
Հիշեցնենք, քարոզարշավի այս չորս օրերի ընթացքում Արցախի թեման բազմաթիվ անգամ հիշատակվում է հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի, այս ընտրություններում ֆավորիտ համարվող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների կողմից: Նախ, պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ «թավշյա հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», այնուհետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի և ոչ մի նախագահի որդի չի ծառայել Արցախում և առհասարակ ԶՈՒ-ում: Հասկանալի է, որ Ստեփանակերտը չէր կարող չարձագանքել այս հայտարարություններին ու կոնկրետ Արցախին ուղղված մեղադրանքների մասով պատասխաններ հնչեցին: Սակայն վարչապետի պաշտոնակատարը այսօր գրեթե սպառնալիքային տոնով հորդորեց նախագահ Բակո Սահակյանին սթափեցնել իր իշխանության ներկայացուցիչներին ու մամուլի խոսնակին և ուղարկել նրանց աշխատելու, ոչ թե նրանք մեկնաբանություններ անեն: Ինչպես նաև հայտարարեց, որ այս ամենի մասով քննարկում կունենա Բակո Սահակյանի հետ՝ ընտրություններից հետո:
Արման Ղուկասյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի կտրուկ հայտարարությունները այնքան էլ տեղին չէին, քանի որ, նախ, մենք երբևէ իրարից չենք տարանջատել Արցախն ու Հայաստանը, իսկ բացի այդ, արձագանքներ եղել են բացառապես այն հարցերի ու մեղադրանքների մասով, որոնք ուղղակիորեն առնչվել են Արցախին.
«Նման հայտարարություններն իրենց մեջ վտանգավոր մեսիջ են պարունակում: Գուցե պարոն Փաշինյանը սխալ է շարադրել իր մտքերը, բայց եթե ինքն ասել է այն, ինչ ուզեցել է ասել, ապա ես, որպես ՀՀ քաղաքացի ու նաև քաղաքական ուժի առաջնորդ, ոչ կոռեկտ եմ համարում դրանք, քանի որ այդ հայտարարություններն այնպիսի տպավորություն կարող են թողնել, թե ՀՀ գործող իշխանությունը հորդորում է Արցախին զբաղվել բացառապես իրենց գործերով»,- նշեց մեր զրուցակիցը, ընդգծելով նաև, որ սխալ է մարդկանց մեղադրել այն բանի համար, որ իրենք իրենց կարծիքն են արտահայտում կամ մեկնաբանում մյուսների հայտարարությունները: Ի վերջո, շեշտեց նա, ինչպե՞ս կարող էին ոչ միայն արցախցիները, որոնք մասնակցել են Արցախյան ազատամարտին, այլև Հայաստանի հասարակությունը չարձագանքել Սասուն Միքայելյանի հնչեցրած հայտարարությանը:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, Ղուկասյանը նշեց, որ արդեն չորս օր է անցել դրա մեկնարկից, բայց ինքը չի տեսնում դասական քարոզարշավային գործընթաց: Դրա փոխարեն կա մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը և մյուսները ու խոսքը ոչ թե հավասար ընտրապայքարի, այլ ընդամենը երկրորդ տեղի համար մղվող պայքարի մասին է: Ղուկասյանը մատնանշեց, որ այո, Փաշինյանի գլխավորած ուժը ԱԺ-ումկվերցնի մեծամասնությունը և դրանում որևէ կասկած չկա, բայց դժվար է հիշել մի երկիր, որտես ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերը պայքար մղեն երկրորդ տեղի համար.
«Սա հետաքրքիր նախադեպ է, բայց նաև հետևելով առկա զարգացումներին, կոնկրետ մեր քաղաքական ուժի համար ավելի պարզ է դառնում, որ կուսակցության կայացրած որոշումը՝ չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, շատ ճիշտ էր ու արդարացված, որովհետև քաղաքական ուժը չպետք է գնա ընտրության ընդամենը երկրորդ տեղ վերցնելու համար: Ցանկացած քաղաքական ուժ պետք է պայքարի իշխանություն վերցնելու համար. մեզ համար ընդունելին միայն այդ տարբերակն է»,- հավելեց նա:
Լիա Խոջոյան