26.11.2024
Արցախի մասով Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր մեսիջ են պարունակում. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չի մոռանում՝ Բակո Սահակյանը Սերժ Սարգսյանի համախոհն ու ընկերն է. Մելիքյան

Ընթացիկ քաղաքական իրադարձություններն ինձ այնքանով են հետաքրքրում, որքանով կհանգեցնեն ՀՀԿ և վերջինիս արբանյակ քաղաքական ուժերի դիրքերի պահպանմանը կամ էլ, ընդհակառակը, դրանց՝ վերջնական լուսանցք մղվելուն: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Ես ելնում եմ նրանից, որ այժմ որոշակիորեն սրվել է քաղաքական պայքարը իշխանության համար և մրցակից թիմերը, գոնե իրենց բանավոր խոսքի մեջ, միմյանց խնայելու ո՛չ իմաստն են տեսնում, ո՛չ էլ դրա ցանկությունն ունեն: Այս համատեքստում բնական եմ համարում, որ յուրաքանչյուր սխալ կամ երկիմաստ արտահայտություն կարող է դառնալ փոխադարձ մեղադրանքներ ու կշտամբանքներ հնչեցնելու առիթ»,- նշեց նա:

Մելիքյանն ընդգծեց՝ կան գործոններ, որոնք այսօրվա յուրօրինակ քաղաքական դիմակայության մեջ գուցե բացահայտ չեն երևում, բայց ազդում են կողմերի մոտեցումների ու հռետորաբանության վրա: Հենց այս տեսանկյունից էլ կարելի է դիտարկել, ըստ նրա, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կոշտ հորդորն ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին.

«Բանն այն է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ԱՀ ԱԱԽ քարտուղարը կամ նախագահի խոսնակը մեկնաբանություններ անել, առանց դրանց հիմնական շեշտադրումներն իրենց վերադասի հետ համաձայնեցնելու: Այսինքն՝ իրենց խոսքն ընկալվում է որպես Բակո Սահակյանի խոսք: Վերջինս էլ, միանգամայն օրինաչափորեն, մշտապես ընկալվել է որպես Սերժ Սարգսյանի մերձավորագույն գործակից և համախոհ, մտերիմ ու վստահելի ընկեր: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կարող է դիտարկել Արցախի պաշտոնատարների կողմից հնչեցվող հորդորներն ու քննադատությունը, որպես իր թիմի քաղաքական հաջողությանը խոչընդոտելու համակարգված փորձ, որի իրական հեղինակը Երևանում է նստած»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Արման Մելիքյանը նշեց, որ ամեն դեպքում լավ կլինի, որ վարչապետի թիմի բոլոր ներկայացուցիչները լավ հասկանան իրենց կողմից արտաբերվող ամեն բառի կշիռն ու հնարավոր բացասական հետևանքները, իսկ Արցախի քաղաքական վերնախավն էլ «լավ կանի, որ լրջորեն կենտրոնանա սահուն, անցնցում իշխանափոխություն իրականացնելու խնդրի վրա և քննարկման առարկա դարձնի արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցը»:

Հիշեցնենք, քարոզարշավի այս չորս օրերի ընթացքում Արցախի թեման բազմաթիվ անգամ հիշատակվում է հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի, այս ընտրություններում ֆավորիտ համարվող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների կողմից: Օրեր առաջ պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ «թավշյա հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», այնուհետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի և ոչ մի նախագահի որդի չի ծառայել Արցախում և առհասարակ ԶՈՒ-ում: Հասկանալի է, որ Ստեփանակերտը չէր կարող չարձագանքել այս հայտարարություններին ու կոնկրետ Արցախին ուղղված մեղադրանքների մասով պատասխաններ հնչեցին: Սակայն վարչապետի պաշտոնակատարը այսօր գրեթե սպառնալիքային տոնով հորդորեց նախագահ Բակո Սահակյանին սթափեցնել իր իշխանության ներկայացուցիչներին ու մամուլի խոսնակին և ուղարկել նրանց աշխատելու, ոչ թե նրանք մեկնաբանություններ անեն: Ինչպես նաև հայտարարեց, որ այս ամենի մասով քննարկում կունենա Բակո Սահակյանի հետ՝ ընտրություններից հետո:


Լիա Խոջոյան