26.11.2024
Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր. նախագահ
prev Նախորդ նորություն

Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի իշխանություններին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է Արցախի իշխանություններին ուղղված իր ուղերձները:


Այդպես, Ճամբարակում քարոզարշավի ժամանակ այսօր նա հայտարարեց, թե ինչ չի հասկանում՝ ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Ըստ Փաշինյանի, այս կապակցությամբ իր մոտ հարցեր են կուտակվել, որոնք նա անպայման կքննարկի Արցախի նախագահի հետ.


«Բայց մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել նրանց աշխատանքով զբաղվելու՝ Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ առիթ-անառիթ մեկնաբանություններ են թողնում իմ հայտարարությունների տակ»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: 


Առանձնահատուկ հիշատակման արժանացավ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով, ըստ Փաշինյանի, իր հայտարարությունների մասով մեկնաբանություններ է տալիս.


«Այ քեզ բան: Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա,  հասկանո՞ւմ եք դրա հետեւանքը և արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով»,- ասաց նա՝ կրկնելով, որ այս ամենը կքննարկի Բակո Սահակյանի հետ, բայց արդեն ընտրություններից հետո: