ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ գործակալության հետ զրույցում կրկին անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, ովքեր դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի դատարանի կողմից:
Ուորլիքը նշել է, որ Ադրբեջանի երկու քաղաքացիները դեռևս գտնվում են բանտում և իրենք հույս ունեն, որ կողմերի մոտ անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը կարևոր մարդասիրական ժեստ կլինի: Օրերս ադրբեջանցի դիվերսանտների
<<պաշտպանությամբ>> էր հանդես եկել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան: ՀՀ-ի ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այդ հարցը պետք է քննարկվի միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, քանի որ ադրբեջանցիները դատապարտվել են Լեռնային Ղարաբաղի օրենքներին համապատասխան:
Պաշտոնական Ստեփանակերտը դիվերսանտներին ազատ արձակելու ամերիկյան կողմի կոչերը
անընդունելի է համարում: ԼՂՀ իշխանությունները հիշեցնում են, որ Գուլիևը և Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի երրորդ՝ ոչնչացված մասնակից Հասան Հասանովը ԼՂՀ-ի տարածքում իրականացրել են ահաբեկչական գործողություններ, իսկ նրանց նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն:
Ուորլիքը, անդրադառնալով այս տարվա փետրվարին կայացած տարածաշրջանային այցին, նշել է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց դիրքորոշումը և հավելել, որ հաշվի են առնելու հրադադարի ռեժիմի պահպանման հետ կապված առաջարկությունները:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ իրենց առաջարկությունները կօգնեն կանխարգելել միջադեպերը, որոնք կարող են նպաստել լարվածության աճին: Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հասնել այս և այլ հարցերի շուրջ համաձայնության: Ուորլիքը նշել է, որ բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը: Նրա խոսքով, հենց այդ պատճառով համանախագահողները այցելում են Լեռնային Ղարաբաղ և հանդիպում են դե-ֆակտո իշխանությունների և համայնքի այլ ներկայացուցիչների հետ:
Նա տեղեկացրել է, որ փոխընդունելի ժամանակահատվածում նրանք ծրագրում են կազմակերպել արտգործնախարարների հանդիպում և նրանց հետ սերտ կապեր են պահպանում: Համանախագահի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ իրենք այդ հանդիպումները կարևոր են համարում, սակայն հանդիպել կամ չհանդիպելու որոշումը կայացնում են հենց նախարարները: Ուորլիքը նշել է, որ տարածաշրջանային վերջին այցելության ընթացքում երկրների նախագահները հայտարարել են այս տարվա ընթացքում հանդիպելու ցանկության մասին:
Ուորլիքի խոսքերով, որ Մինսկի խմբի համանախագահներն արտգործնախարարների հետ սերտ համագործակցությամբ աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի նվազեցնեն կողմերի միջև առկա տարաձայնությունները և նախապատրաստեն նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը: Ուորլիքը հավելել է, որ այս պահին շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից այն էականորեն կարգավորվել է: