25.11.2024
Ինչպիսի՞ ահաբեկչական սպառնալիքներ կան Հարավային Կովկասում․ Վանեցյանը խոսել է Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Նախիջևանը` Անկարայի պանթուրքական ծրագրերի մաս

Նախօրեին  մեկնարկել են թուրքական Կարս քաղաքը Նախիջևանի ինքնավար հանիապետության հետ կապող երկաթգծի շինաշխատանքները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:


Հիշեցնենք, որ Թուրքիան նաև ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին վերջերս հայտարարել էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:


Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է, որպես ՀՀ–ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ` Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։


Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։


Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ–Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին: Ինչպես նաև, Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը` Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։


Բացի այն, որ երկաթգիծը կունենա տնտեսական և տրանսպորտային նշանակություն Թուրքիա-Նախիջևան-Իրան-Պարսից ծոց ուղղության վրա, Նախիջևանն էլ կվերածվի տարանցիկ միջանցքի ու լոգիստիկ կենտրոնի, այդ երկաթգիծը կարող է ունենալ նաև ռազմական նշանակություն:


Վերջերս Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում համատեղ զորավարժություններ էին անցկացնում, որոնց Նախիջևանից միացել էր Առանձին համազորային բանակը: Այս երկաթգծի շնորհիվ թուրքական զորքերը կարող են ավելի օպերատիվ ու մեծ քանակությամբ տեղափոխվել Նախիջևան` օգնության հասնելով Ադրբեջանին, ինչպես նաև ադրբեջանական կողմը Նախիջևանի համար ռազմամթերք ու զինտեխնիկա կարող է ստանալ Թուրքիա-Նախիջևան տրանսպորտային այդ նոր միջանցքով: