Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել. Փաշինյան
Միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն անկեղծ են ու առանց մութ անկյունների: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե «Ռուսաստանը խանդով է վերաբերում գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին»:
«Ես այդպիսի տպավորություն, անկեղծ ասած, չեմ ստացել: Մեր երկրի հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է:
«Ցավոք, ԱՄՆ-ի պարագայում մեր շփումներն այդքան ինտենսիվ չեն մինչ այս ժամանակը, հույս ունենք, որ առաջիկայում շփումները կինտենսիվացվեն: Չնայած օրերս այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը և շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում ունեցանք: Ես ասել եմ, որ պատրաստվում ենք ինտենսիվանցել մեր հարաբերությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Հայաստանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում առաջիկայում կայցելեի Հայաստան: