Սարգսյան. Երևանն է լինելու մարդկության պատժիչ սուրը Բաքվի համար
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին անդրադարձել է անցած երկու օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում:
Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի: Ըստ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության՝ երկրի ղեկավարը խնդրին անդրադարձել է իր նստավայրում մեկնարկած և Կառավարության ընդունելությունների տանը շարունակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: Հրթիռկոծման արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել չորս զինծառայող, կան վիրավորներ: Մինչ այդ սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանական կողմի կրակոցներից մահացել է 3 խաղաղ բնակիչ, երկուսը վիրավորվել են։
Հայաստանի պաշտպանության նախարարություն, ըստ պաշտոնական տեղեկատվության իրականացրել է պատժիչ գործողությունների, որի արդյունքում ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
Նախագահն իր ելույթում մասնավորապես ասել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջև, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգևորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։
"Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջև զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր", - նշեց նախագահը։
Նրանք զոհվեցին, շարունակեց Սարգսյանը, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն և անվտանգություն։ "Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչև վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան", - ասաց երկրի ղեկավարը։
Հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաև միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից, նշեց նախագահը՝ հավելելով, որ օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը։
"Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել։
Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:
Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը", - եզրափակեց նա: