Ինչո՞ւ է ՀԷՑ-ը վաճառվում օվշորային ծագման ընկերության
Այն, որ ռուսական «Ինտեր ՌԱՈ»-ն վաճառքի է հանել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) և համապատասխան հայտ է ուղարկել կառավարություն՝ թույլատրել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարել օվշորային ծագման «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, մեծ գործընթացի մի մասն է: Օվշորային ծագման ընկերությանը «Հայաստանի էլցանցերի» վաճառքն այդ գործընթացի միջանկյալ օղակն է, որտեղ ֆինանսական չարաշահումների մասին հետքերը «մաքրելուց» հետո, ընկերությունը կհայտնվի վերջնական սեփականատիրոջ ձեռքում:
Տնտեսագետները և էներգետիկայի որոլտով զբաղվող փորձագետները, վերլուծելով ՀԷՑ-ի շուրջ ստեղված իրավիճակը և այն, որ կազմակերպությունը անգամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո հանվեց վաճառքի, ենթադրում են, որ վաճառքի գործընթացը պլանավորած էր ավելի շուտ, քան սկսեցին հանրային ընդվզումները սակագների բարձրացման դեմ: «Հանրային ընդվզումները հանգեցրեցին նրան, որ ՀԷՑ-ի արժեքն ընկավ: Այնուամենայնիվ, սակագները բարձրացվեցին, որից հետո կազմակերպությունը պետք է շահույթով աշխատեր ու մարեր պարտքերը, սակայն այն հանվեց վաճառքի: Սա մի գործընթաց է, որից շահեց գնորդը», - կարծում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 25-ին Արտակ Մանուկյանի, ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «ՀԷՑ-ը հանվել է վաճառքի. հանրային աձագանք և մասնագիտական դիտարկումներ» թեմայով քննարկում:
Հայաստանի էներգետիկայի ոլորտում, վստահ է Արամ Մանուկյանը, խառնաշփոթ է տիրում, որտեղ մեծ չարաշահումներ են իրականացվում: «Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է: Եթե ուսումնասիրենք, թե ինչ է կատարվում էներգետիկայի ոլորտում, խոսքը գազի և հոսանքի առք ու վաճառքի մասին է Իրանի, Ղարաբաղի ու Վրաստանի հետ, ապա կհասկանանք թե ինչպիսի խառնաշփոթի հետ գործ ունենք: Բայց այս ամենի ֆոնին տեղի են ունենում մեծ չարաշահումներ: Մենք ուսումնասիրություններ ենք կատարում հենց այս ոլորտում և ներկայացնելու ենք փաստերը դատախազություն», - տեղեկացրեց Մանուկյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունների թիրախում է ՀԷՑ-ի հարկային պարտավարությունների կատարումը պետության առջև:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի մասին լուրը անակնկալ էր նաև «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի համար: Նա սպասում էր, որ սկզբում կանցկացվի հանրային պահանջով կազմակերպությունում նշանակված աուդիտը, որը վեր կհանի այնտեղ առկա թերությունները և իշխանությունները կանեն համապատասխան եզրակացություններ: Այժմ, երբ ընկերությունը դրվել է վաճառքի ու անգամ մամուլը լուրեր է հրապարակում ապագա սեփականատիրոջ անձի մասին, Սաֆարյանը մեծ հույսեր չի կապում աուդիտի արդյունքների հետ:
«Առանձնակի հույսեր չունեմ աուդիտից: Իմ կարծիքով պետք է կատարվեր աուդիտը, հայտնի դառնաին արդյունքները, հանրությունները տեղեկացվեր իրավիճակի մասին ու հետո նոր որոշվեր, թե ինչ անել ընկերության հետ: Ամեն դեպքում պետությունը պետք է իր գործառույթների շրջանակներում արդյունավետ վերահսկողություն իրականացնի, քանի որ էներգետիկայից մեծապես կախված է տնտեսության զարգացումը», - ընդգծեց նա:
Վաճառքի մասին լուրն ի հայտ գալուց հետո, ըստ Արտակ Մանուկյանի, աուդիտը, ամենայն հավանականությամբ կվերածվի գնորդի համար սովորական «ստուգման», որով պետք է ուղղակի որոշվի գնվող ապրանքի արժեքը:
Հետաքրքրական է ՀԷՑ-ի նոր գնորդի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության «էներգետիկ» կենսագրությունը, ավելի ստույգ վերջինիս բացակայությունը: Բանն այն է, որ տվայլ ընկերությունը, ըստ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի, պատկանում է մեկ այլ ընկերության, իսկ վերջինս երրորդ ընկերությանը սեփականությունն է: «Ամբողջ շղթան տեղակայված է օվշորում, և ըստ մամուլի հրապարակումների, այս ամենի հետևում կանգնած է հայտնի ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանը», - ասաց Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով, ՀԵՑ-ի վաճառքն օվշորային գորտում տեղակայված կազմեկերպությանը գործընթացի միայն միջանկյալ օղակն է: «Հետքրքրական է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ոչ մի գործունեություն չի ծավալել, և աղերս անգամ չունի էներգետիկ ոլորտի հետ: Ըստ իս, օվշորային սխեմայով վաճառքի կազմակերպումը նպատակ է հետապնդում մաքրել նախկինում թույլ տված թերություններն ու «կեղտերը», որից հետո կհայտնվի իսկական սեփականատերը և կգնի կազմակերպության բաժնետոմսերը», - ենթադրում է բանախոսը: