Սարգսյան. Հայաստանը բոլոր ռազմաքաղաքական միջոցներով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում: Այդ մասին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա, նավթի վրա կառուցված տնտեսության սասանման պայմաններում հասունացող ժողովրդական ցասումը խեղդելու համար այդ երկրի բռնակալ ռեժիմը խայտառակ ճնշումները գործիք է դարձրել, ինչը, սակայն, այլևս անբավարար է համարում: "Հիմա նրան սեփական հասարակության ուշադրությունը շեղող պատկերներ են պետք շփմանշարուն գծից: Ցանկանում եմ վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք: Հարց՝ կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունն անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը", - ասել է Սարգսյանը:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, նշել է նախագահը, Հայաստանին այլ ընտրություն չի մնում. "Մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը":
Թեև բոլորի համար էլ, նախագահի խոսքով, վաղուց ակնհայտ է, թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները, այնուամենայնիվ նա նշել է մի քանի փաստ:
"Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:
Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը: Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով", - հարցադրումներ է հնչեցրել Սերժ Սարգսյանը:
Այժմ բոլորի համար է ակնհայտ, հիշեցրել է նախագահը, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: "Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ", - պարզաբանել է նա:
Իրադարձությունները Մերձավոր Արևելքում
Նախագահն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում արդեն տևական ժամանակ շարունակվող և խորացող արյունալի քաոսին:
"Այսօր մենք ականատեսն ենք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող անմարդկային դաժանությունների: Կրոնական անհանդուրժողականությունը հանգեցրել է անդառնալի հետևանքների: Մենք ամենաուղղակի կերպով ենք զգում տեղի ունեցող վայրագությունները, քանզի դրանց հետևանքով ոչ միայն ոչնչացվում են հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նմուշները, այլև սպանվում և փախստական են դառնում Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր: Սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում դժվարությունները կիսում է նաև դարերով այդ տարածքներում ապրող հայությունը: Մենք մեր ուժերի ներածին չափով փորձում ենք օժանդակել փախստականներին. մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Նրանց ընդունման թվով Հայաստանն առաջիններից մեկն է Եվրոպայում:
Հայերը լավ գիտեն փախստականի տարագիր ճակատագիրը: Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները: Այսօր հարկ է արժանին մատուցել Գերմանիային, Շվեդիային և մյուս երկրներին՝ ցուցաբերվող մարդասիրության համար: Ապաստան տալով հարյուր հազարավոր փախստականների՝ նրանք վերահաստատեցին, որ օգնությունը պարտադիր է թե՛ իրավական, թե՛ մարդասիրական տեսանկյունից", - ասել է նա:
Պատմական համաձայնություն Իրանի հետ
Այս տարի բոլորը, նշում է նախագահը ականատես եղան, թե ինչպես միասնական և համարժեք գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ հարթել միջազգային նշանակության կնճռոտ խնդիրներից մեկը: "Մեր անմիջական հարևանի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց պատմական նշանակության համաձայնություն։ Շրջադարձային այդ պայմանավորվածությունն անխոս նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչը հնարավոր եղավ երկարատև ու հետևողական քաղաքական և դիվանագիտական ջանքերի շնորհիվ", - հայտարարել է երկրի ղեկավարը։
Այս ամենը վկայում է, որ համապատասխան կամքի առկայության, հակասությունների հարթեցման և համագործակցային ոգու շեշտադրման պարագայում իսկապես կարելի է բարդագույն խնդիրների համար լուծումներ գտնել: "Այս ամբիոնից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքերի կիրառման կարևորությունը՝ հատկապես փակ սահմանների բացառման նպատակով: Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը: Այս համատեքստում կարևորում ենք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկների հարցերով ՄԱԿ-ի համաժողովների պարբերաբար անցկացումը: Մենք պատրաստակամ ենք ներդնելու մեր ջանքերը այս գործում, այդ թվում նաև թեմայի շուրջ միջանկյալ աշխատաժողովներ հյուրընկալելով մեր երկրում", - եզրափակել է նա: