23.11.2024
Սարգսյան. Հայաստանը բոլոր ռազմաքաղաքական միջոցներով կապահովի Ղարաբաղի անվտանգությունը
prev Նախորդ նորություն

Զեկույց. Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի սուր կարիք է զգում

Հայաստանում հանքա-հումքային սեկտորը, նրա մեծ կախվածությունը մետաղի հանքանյութի արտահանումից, տնտեսության հետագա աճի համար լուրջ վտանգներ է ստեղծում: Այդ մասին այսօր "Մրցունակության համաշխարհային ինդեքսի" շնորհանդեսին հայտարարել է "Էկոնոմիկա և արժեքներ" կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը:

Նրա խոսքով, առաջին կիսամյակում գրանցված 4%-ոց տնտեսական աճը հնարավոր է եղել ապահովել գյուղատնտեսության հաշվին, զբոսաշրջային հոսքի և մետաղի հանքանյութի ավելացման շնորհիվ:

«Հասկանալի է, որ տնտեսական ցուցանիշների աճը վերոնշյալ ոլորտների հաշվին ժամանակավոր է: Այդ ոլորտները, ըստ սահմանման, չեն կարող ապահովել հայկական տնտեսության կայուն զարգացում: Հումքի արտահանումից կախվածության աստիճանով Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Ադրբեջանից և Ղազախստանից հետո: Հայաստանի տնտեսությունում լեռնահանքային արդյունաբերության մասնաբաժինը կազմում է մոտ 80%: Հայաստանի տնտեսությունը զգում է դիվերսիֆիկացման խիստ կարիք», - նշել է Հերգնյանը:

2015-2016թթ.-ի զեկույցում 140 երկրների շարքում ՀՀ զբաղեցրել է 82-րդ տեղը՝ բարելավելով նախորդ տարվա համեմատ ցուցանիշները երեք աստիճանով: Հետխորհրդային երկրներից ցուցակում առաջատարն Ադրբեջանն է, որը զբաղեցրել է 40-րդ տեղը, որին հաջորդում է Ղազախստանը՝ 42-րդը տեղ, ՌԴ-ը՝ 45-րդը, Վրաստանը՝ 66-րդը, Ուկրաինան՝ 79, Տաջիկստանը՝ 80, Հայաստանը՝ 82, Մոլդովան՝ 84, Ղրղզստանը՝ 102-րդ տեղը:

Ցուցակում առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել Շվեյցարիան, Սինգապուրը և ԱՄՆ-ը: Մրցունակության ինդեքսը կազմվել է հետևել ցուցանիշների հիման վրա՝ պետական ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն և կրթություն, ապրանքների շուկայի արդյունավետությունը, աշխատուժի շուկայի արդյունավետությունը, ֆինանսական շուկաների զարգացվածությունը, տեխնոլոգիական հագեցվածությունը, շուկայի չափը, բիզնես միջավայրի և ներդրումների բարելավումը:

Հայկական տնտեսության մարտահրավեր են մարդկային կապիտալի զարգացումը, ներդրումների և տեխնոլոգիական զարգացման խթանումը, ֆինանսական համակարգի զարգացումը: Հայկական տնտեսության զարգացումը մոտակա ժամանակներս կախված է լինելու վերոնշյալ երեք գործոններից:

Որոշակի առաջընթաց Հայաստանում գրացվել է մակրոտնտեսական միջավայրի բարելավման, առողջապահության և կրթության մակարդակի բարելավաման, ապրանքների շուկայի արդյունավետության ապահովման մասերով: Վատթարացել են ինտսիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական հագեցվածության և բիզնես միջավայրի ցուցանիշները: