VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված ազգային համաձայնության կառավարության փլուզմանը ԲՀԿ-ն միանգամից չշտապեց արձագանքել: Պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն էր: Սակայն երեկ նա վերադարձել է արտերկրից, իր մոտ հրավիրել կուսակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք այգում մտերմիկ զրույց են ունեցել` ներքաղաքական իրավիճակի հետ կապված: Ուշագրավը, սակայն, այն է, որ ԲՀԿ գրասենյակում Ծառուկյանի հետ հանդիպմանը մասնակցել է «Ծառուկյան» խմբակցության ոչ ամբողջական կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ հանդիպմանը չեն մասնակցել կարեւոր դեմքեր, ինչպիսիք են՝ Նաիրա Զոհրաբյանը, Լուիզա Սարգսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Դավթյանը եւ այլք: Թե ինչն է պատճառը, որ նրանց չեն հրավիրել, թեեւ հանդիպման մասին հայտարարվել էր նաեւ սոցիալական ցանցերում, պարզ չէ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակները փորձում են հանրությանը համոզել, որ ԲՀԿ-ական պատգամավորների քվեարկությունը որևէ կերպ համաձայնեցված չի եղել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջինս հայտնի օրինագծի քվեարկության օրը բացակայել է Հայաստանից: Այսպիսով, իբրև թե փորձ է արվում մաքրել Ծառուկյանին, և տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը թողնել խմբակցության պատգամավորների վրա: Ըստ մեր աղբյուրի՝ այդ օրը Գագիկ Ծառուկյանն իսկապես գտնվել է Բելառուսում, որտեղ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ԲՀԿ-ական պատգամավորներն էլ ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել նրա հետ, և Ծառուկյանն անձամբ է հրահանգել, որ իր ղեկավարած խմբակցության պատգամավորները քվեարկեն ՀՀԿ-ականների հետ համերաշխ: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ականների քվեարկությունը ունի արտաքին քաղաքական ուղղորդում, և այս կուսակցությունն ու նրա պատգամավորները վճռորոշ քվեարկությունները կատարում են դրսի հրահանգավորմամբ»:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունն ամեն ինչ անում է իր ցանկացած սցենարով արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, ՀՀԿ-ն փորձում է ինքնակազմակերպվել։ Սակայն խորհրդարանի «պաշարումից» հետո ՀՀԿ-ում դժգոհության ալիք է բարձրացել ԱԺ խոսնակի հանդեպ։ Հաջորդ օրը ԱԺ նիստը սկսելուց առաջ Արա Բաբլոյանը ոչ մի բառ չասաց նախորդ գիշեր խորհրդարանի դիմաց իրականացված ակցիայի մասին։ ՀՀԿ-ում համոզված են, որ սա մեծ թերացում է, երբ ԱԺ նախագահը չի անդրադառնում խորհրդարանի տարածք քաղաքացիների ներխուժման, օրենսդիր մարմնի վրա գործադիրի ղեկավարի անմիջական ճնշման, անվտանգության ոչ մի նորմ չհարգելու, պարտադրանքների ու սպառնալիքների լեզվով խոսելու մասին։ «Հավատավոր» հանրապետականները ծանր են տանում, որ կարևոր դերակատարում ունեցող կուսակցականներն իրենց գործը պատվով չեն անում, որպեսզի մարդիկ հասկանան` իրենց շարքերում բոլորը չէ, որ «բոբոներ» են»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով: Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որեւէ խնդիր, որեւէ անհարմարություն չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել: Իսկ մինչ այդ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում են, որ վարչապետի անունից իրենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել. նման հրավեր չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ո՛չ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանում «մեծ ուբոռկա» է ընթանում՝ բոլոր վարչություններում ու բաժիններում ինվենտարիզացիա են անում։ Փորձում են հաշվել՝ նախապես եղած գույքը տեղո՞ւմ է, թե՞ ոչ, ինչի կարիք կա եւ այլն։ Աշխատակազմը դիրքավորվում է․ մի մասը պատրաստվում է հեռանալ, մյուսները ելքեր են փնտրում մնալու։ Իսկ հները մինչեւ վերջին օրը հրամաններ ու որոշումներ են կայացրել, ընտրությունների հաջորդ օրն անգամ «պրեմիաներ» են բաժանել, թղթեր կարգավորել։ Հեռանալու պրոցեսի մեջ են նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Երեկ հրաժարականի դիմում էր պատրաստում Արաբկիրի թաղապետ, ՀՅԴ քվոտայով նշանակված Հովհաննես Վարդանյանը։ Իսկ նոր քաղաքապետն արդեն իսկ պաշտոնների բաշխման փուլ է մտել՝ տարբեր անձինք իրենց այս կամ այն պաշտոնին են պատկերացնում։ «Քաղպայմանագրի» ավագանու ցուցակի 70 եւ բարձր համարներում հանգրվանած անձինք վստահ են, որ ընդամենը օրեր անց իրենք ավագանու մանդատ են ստանալու, քանի որ ցուցակի առաջին հատվածից բավականին մարդ համայնքային պաշտոններ է զբաղեցնելու եւ հրաժարվելու է մանդատներից»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում երեկ ոգեւորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն եւս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, եւ մի քանի ամսվա համար արժե՞ միանալ «խորտակվող նավին»։ Իսկ թիմը նրան համոզում է չհրաժարվել մանդատից, քանի որ իր ընտրողների հանդեպ դա ազնիվ չի լինի: Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Գրիգորյանի որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին, նա մեկ շաբաթ ունի հրաժարվելու կամ մանդատը վերցնելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին չորս տարի` 2003-2007թթ. ղեկավարել է Հարկային պետական ծառայությունը և բավական լավ տեղեկացված է այդ տարիներին իրականացված տնտեսական մեքենայություններից: Ցոլակյանին ընդգրկելով կառավարության կազմում և այդպիսով նոր իշխանության թիմում՝ վարչապետ Փաշինյանը ձեռք է բերում բավական ինֆորմացված դաշնակից, ում միջոցով կարող է բացահայտել այդ տարիներին իրականացված տնտեսական հանցագործությունները՝ դրանով չեզոքացնելով իր քաղաքական հակառակորդներին, ովքեր փորձում են չքմեղանալ՝ ներկայանալով ազնվագույն հրեշտակներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգում ներքին խմորումներ են սկսվել: Մասնավորապես, նախաքննություն իրականացնող մարմինը տարբեր քրեական գործերով չի կարողանում համաձայնության գալ վերահսկող դատախազների հետ: Իսկ փաստաբաններից ոմանք «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ դատարաններ միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցի վերաբերյալ, սակայն քննիչները չեն ներկայանում դատարան` պատճառաբանելով, թե շատ զբաղված են: Արդյունքում իրենց պաշտպանյալները շարունակում են ամիսներով մնալ կալանքի տակ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` իրականում քննիչների վարույթում հսկայական գործեր են ավելացել: Միաժամանակ, քննիչները քրեական գործերը վերահսկող դատախազների հետ քրեական գործերով անհամաձայնություն ունեն, եւ որպեսզի երկու ուժային կառույցները իրենց ներքին խմորումները ի ցույց չդնեն փաստաբանների մոտ, առաջ են քաշում զբաղվածության հարցն ու չեն գալիս դատարան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, եւ նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։ Կասվի, որ Սասուն Միքայելյանը կարող է արագությամբ մոբիլիզացնել ազատամարտիկներին՝ պատերազմի վտանգի դեպքում, ինչը չի հաջողվի Արամ Սարգսյանին։ Ի դեպ, մի քանի օր առաջ նրանք հանդիպել են, Արամ Սարգսյանը, բնականաբար, նեղսրտել է իր ընկեր Սասունի քայլից՝ ասելով, որ դա պետք էր անել, մինչ ինքը կհամաձայներ ընդունել ԵԿՄ-ի պաշտոնական առաջարկը՝ ստանձնել եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցի ղեկավարումը։ Սակայն Սարգսյանին բացատրել են, որ կառույցի ֆինանսական հարցերի հետ կապված՝ ինքն ինչ-որ պահի կարող է փաստի առաջ կանգնել, եւ ղեկավարը պետք է լինի իշխանության «մարդը»։ Նախատեսվում էր, որ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կհրավիրվի համագումար, եւ կընտրվի ԵԿՄ նախագահ, սակայն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ համագումարի ժամկետը։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել՝ լուծելու համար ներքաղաքական ճգնաժամը, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է նաեւ տնտեսությունը. ներդրողները սպասում են ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը: Երեկ այս տեսակետը պնդել է նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որքան ուշ կայանան խորհրդարանական ընտրությունները, եւ սպասողական վիճակը երկարի, այդքան ավելի վատ երկրի տնտեսության համար: «Այնտեղ, որտեղ որ քաղաքական առումով դեռեւս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն: Միանշանակ ճիշտ է վարչապետի տեսակետը… Սպասողական վիճակը ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է»,- ասել է նա: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Փաշինյանի ու Անանյանի հետ դժվար է չհամաձայնել. հայտնի փաստ է՝ բիզնեսը, հատկապես` օտարերկրյա կապիտալը, քաղաքական կայունություն է «սիրում», անկայուն իրավիճակներում մարդիկ պարզապես վախենում են գումարներ ներդնելուց: Թվում էր՝ ամեն ինչ ասված է, սակայն երեկ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, խոսելով օտարերկրյա ներդրումների ու Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, միանգամայն այլ տրամաբանության մեջ է խոսքերը ձեւակերպել, եւ արդյունքում ստացվել է այնպես, որ նա «սխալ է հանել» վերադասին: «Ներդրողները ոչնչի չեն սպասում»,- նշել է նա` պատասխանելով հարցին՝ վարչապետն ասում է, որ ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ ներդրումներ անեն: Գասպարյանն, իհարկե, փորձել է մեկնաբանել ասածները` հավելելով, թե ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, արդեն ներդրողներ են եկել տարբեր երկրներից: Կարճ ասած` պաշտոնյաներին չէր խանգարի խոսելուց առաջ մտածել, ինչպես խորհուրդ էր տալիս վարչապետ Փաշինյանը: