Աշոտյանի հրապարակած տեղեկությունները չեն հաստատվում․ հատ-հատ հրապարակեք դեպքերը․ վարչապետ
«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:
Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»,-իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նշել էր, որ հոկտեմբերի 2-ին ցուցարարները հարձակվել են կին պատգամավորի վրա, վնասել են մեքենաներ:
Ավելի ուշ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը ներկայացրեց պարզաբանում՝պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա կատարված հարձակման մասին հայտարարության վերաբերյալ:
Վերջինս ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։
Շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։
Իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ՀԺ-ին հայտնել էր, որ ցուցարարների կողմից ԱԺ ծառայողական մեքենաներ, ապակիներ չեն վնասվել: