25.11.2024
«Դրամատիկ գիշեր». շահերի բախումն անխուսաելի էր, մնացել է երկու հավանական սցենար
prev Նախորդ նորություն

Լսել են վարչապետի՞ն, թե՞ պայմանավորվել. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ են հապշտապ արտահերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների պատգամավորների հանդիպման արդյունքում որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպամնը մասնակցել է մոտ քսան պատգամավոր բոլոր խմբակցություններից։


Հոկտեմբերի 2-ի գիշերը դուրս գալով ԱԺ-ի շենքից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ դեկտեմբերի 15-ը, որի մասին էլ նա տեղեկացրել է խորհրդարանական խմբակցություններին: Նա հանդիպումից տպավորություն էր ստացել, որ մյուս քաղաքական ուժերն իր հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի, որից հետո էլ Ազգային ժողովը կցրվի:


Ըստ Շարմազանովի՝ պայմանավորվածություն վարչապետի հետ չիե եղել, կողմերից յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Մենք մեր կարծիքն ենք հայտնել, ինքն իր կարծիքն է ասել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել առաջիկա օրերին եւ նորից քննարկել։ Մենք մեր կարծիքը ասել ենք եւ նշել, որ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունը որեւէ խոչընդոտ արտահերթ ընտրությունների համար չի հանդիսանում, եւ նպատակ չի եղել վիժեցնել արտահերթ ընտրությունների անցկացումը։ Եթե նման նպատակ լիներ մենք չէինք գնա բանակցությունների, բայց մենք բանակցել ենք»։


Շարմազանովը նաեւ նշեց, որ Փաշինյանը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որ դեկտեմբերին պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:


«Տարբեր քաղաքական ուժեր նշում էին արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամնակահատվածներ, նշում էին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը, Ոստիկանությունում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կային ուժեր, որոնք նշում էին փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին, բայց առանց ժամկետներ նշելու։ Սա է եղել։ Բայց որ ասեմ՝ ձեռք ձեռքի ենք տվել եւ վերջնական պայմանավորվածություն է եղել, չէ։ Որեւէ բան չենք պայմանավորվել։ Միակ բանը որ ասել ենք, որ գերակա պետք է լինի պետության շահը եւ երկիրը չպիտի տանենք ցնցումների, միեւնույն ժամանակ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ ԱԺ–ի անկախության սկզբունքը»։


Պայմանավորվածության մասին լուրը հերքում է նաեւ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նար խոսքով, որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել են տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում կառավարությունը անել, ինչ մտադրություններ ունի: «Կային փաստարկներ, հակափաստարկներ. բոլորը քննարկվեց, բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է դեկտեմբեր ամսին»,- ասաց նա եւ նշեց, որ պայմանավորվածություն կարող է լինել այն դեպքում, երբ պաշտոնապես քննարկում լինի, որ դա չհնչի մերկապարանոց, պետք է քննարկվի կուսակցությունում:


Մելքումյանը միեւնույն ժամանակ նշեց, որ իրենք մնում են իրենց տեսակետին, եւ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է կայանան մայիս կամ հունիս ամիսներին, ինչպես ասված է կառավարության ծրագրում:


Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն վարչապետի թեկնածու, Միքայել Մելքումյանն ասաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել, բայց իրենք պաշտոնական որոշում չունեն թեկնածու չառաջադրելու: ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են՝ շարունակել քննարկումները։


ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանի եւ ԱԺ խմբակցությունների միջեւ տեղի ունեցած քննարկումների մասին՝ նշեց, որ մի քանի դրվագներում շեշտվել է, որ քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: «Մի քանի անգամ շեշտվել է, բայց չկա հուշագիր եւ դա, բնականաբար, բանավոր խոսակցությունների մակարդակում է»,- ասաց Մարուքյանը։


Նա նաեւ նկատեց, որ եթե անգամ այլ ուժերի կողմից առաջադրվեն թեկնածուներ, ապա դա անիմաստ կլինի: «ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու եւ վարչապետ ընտրելու։ Եթե դա արվի, դա ձախողված քայլ է լինելու ու ոչինչ չի տա ռեւանշի առումով։ Ոչ մեկ լուսնից չի իջել, բոլորն էլ գիտակցում են դա»,- շեշտեց նա:


Մարուքյանի խոսքով` բանակցությունները դեռ կշարունակվեն։ «Այսօր հարց ու պատասխան է, ու վարչապետը կրկին գալու է խորհրդարան։ Կարծում եմ՝ դա նշանակում է, որ ֆրակցիաների հետ հանդիպումներ կլինեն», - կարծիք հայտնեց նա։