Կտրուկ շրջադարձեր չկան՝ ՀՀ միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման. վարչապետ
Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր: Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Վարչապետն ընդգծեց. ՀՀ միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման, մեր դիրքորոշումը հստակ է՝ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ.
«Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Նա հիշատակեց մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Վարչապետի խոսքով, սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ.
«Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ: Մենք իսկապես համաշխարհային ազգ ենք, հարյուրավոր աշխարհասփյուռ համայնքներով հանդերձ: Այստեղից էլ բխում է Հայաստանի մտահոգությունը համամոլորակային սպառնալիքների առնչությամբ, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր հայրենակիցներին աշխարհի տարբեր անկյուններում: Սիրիական ճգնաժամի պատճառով այսօր վտանգված է մեծաթիվ սիրիահայ համայնքի գոյությունն ընդհանրապես: Հայաստանը փորձում է սատարել ճգնաժամային տարածաշրջաններին մարդասիրական օգնության միջոցով: Մենք պատրաստ ենք ընդարձակել Հայաստանի մարդասիրական առաքելությունը՝ ուղղված Սիրիայի մեր համայնքի հրատապ կարիքների բավարարմանը: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ազգ, հայերն առավել զգայուն են իրենց մերձավորների անվտանգության հարցում և պատրաստ են ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար»,- հավելել է նա: