Սահմանադրական փոփոխություները չեն բախվի հանրային ընդվզման. փորձագետներ
Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները թեև կհանգեցնեն քաղաքական դաշտի «ապաանձնավորման», սակայն լայն կտրվածքով երկրի քաղաքական կյանքում էական փոփոխություններ չեն լինի քանի դեռ չկա զարգացած կուսակցական համակարգ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին քաղաքագետները:
Սահմանադրական փոփոխություների գործընթացն արդեն մտել է խորհրդարանական քնարկումների փուլ: Ազգային ժողովում հինգերորդ օրն է, ինչ ընթանում են ակտիվ քննարկումներ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, որն առաջին հերթին ենթադրում է կառավարման մոդելի փոփոխություն: Ըստ փոփոխված տարբերակի՝ Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելի: Ինչն էլ առաջացրել է իրավապաշտպանների և որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ մտահոգություն:
Նրանք կարծում են, որ կառավարման համակարգի փոփոխությունն իրականացվում է ոչ թե խորհրդարանի դերի ուժեղացման և կառավարման որակի բարձրացման, այլ իշխանության վերարտադրության համար:
Մինչ ԱԺ-ում ընթանում են ակտիվ, երբեմն վիրավորական արտահայտություններով ուղեկցվող քննարկումները, որոշ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներ փորձում են միասնական պայքարի ճակատ ձևավորել այդ գործընթացի դեմ: Ըդդիմադիր շարժումն արդեն ստացել է «Ոչ»-ի ճակատ անվանումը, վերջինիս շարքերն են համալրել հասարակական, քաղաքական շարժումներ ու կազմակերպություններ, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:
Չնայած ընդդիմադիր դաշտի որոշակի գործողությունների՝ փորձագետների կարծիքով լայն հասարակական կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների գործընթացին դեմ տեղի չի ունենա:
«Վերջերես տարբեր քաղաքական դերակատաների ոչ միանշանակ պահվածքը, նրանց կողմից համոզմունքների արագ փոփոխությունը հանգեցրեց այն իրավիճակին, որ հասարակությունը չի վստահում քաղաքական գործընթացներին: Ուստի ես չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական գործընթացները հանգեցնեն հասարակակայն լայն ընդդիմադիր ճակատի ձևավորման», - նշեց քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Ոչ»-ի ճակատը, կարծում է Իսկանդարյանը, հաշվի առնելով քաղաքական դաշտում ընդդիմության դիրքերի թուլությունը, դժվար թե հաջողության հասնի: Հայաստանում ոչ թե պետք է միավորվեն այս կամ այն ընդդիմադիր հատվածները, այլ պետք է ստեղծել ընդդիմություն:
«Այժմ գոյություն ունի մի իրավիճակ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է տեսանելի ապագայում հանգիստ շարունակել կառավարել երկիրը, հաղթել ընտրություններում և վերարտադրվել: Այս առումով, Հայաստանի խնդիրը, ոչ թե ընդդիմադիր հատվածների միավորումն է, այլ ընդիմության՝ որպես ինստիտուտի ստեղծումը: Այժմ ընդդիմությունը, կամ այն ինչ նրանից մնացել է, գործում է բացասական ծրագրի հիման վրա և գնում է իշխանության առաջարկների մերժման ճանապարհով: Օրինակ՝ մարդիկ, ովքեր ժամանակին կողմ էին խորհրդարանական համակարգին, հիմա ընդդիմանում են Սահմանադրության նոր տարբերակին, որն հենց առաջարկում է անցում խորհրդարանական կառավարման մոդելի», - պարզաբանեց քննարկմանը մասնակից Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փորձագետների կարծիքով, սահմանադրական փոփոխությունները նախ պետք է դիտարկել հետխորհրդային տարածքում որոշակի քաղաքական միտումների համատեքստում: «Հետխորհրդային տարածքի այն երկրներում, որտեղ առկա է հանրային քաղաքականություն, այնտեղ տեղի է ունեցել անցում խորհրդարանական կառավարման մոդելի: Օրինակ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, այժմ նաև Հայաստանն է ընթանում այդ ուղիով», - կարծում է Իսկանդարյանը:
Նրա խոսքով, մոդելի փոփոխության պատճառն էլ այն է, որ այդ երկրներում կարծում են, որ դեմոկրատական ինստիտուտները խորհրդարանական կառավարման ձևի պարագայում ավելի լավ կաշխատեն: «Սակայն իրականությունն այլ է: Կառավարման համակարգը ուղղակի ձև է, որը պետք է լցվի բովանդակությամբ: Իսկ բովանդակությունը քաղաքական կուսակցություններն են, կուռ քաղաքական համակարգը, որը Հայաստանում բացակայում է: Եթե այն չստեղծվի, ապա իրականում սահմանադրական փոփոխությունները ոչ մի էական տեղաշարժի չեն բերի երկրի քաղաքական կյանքում», - վսահեցրեց է նա:
Ենոքյանի կարծիքով, ՀՀԿ-ն նախաձեռնել է Սահմանադության փոփոխությունը սեփական իշխանության հարատևությունն ապահովելու համար: «Սերժ Սարգսյանն այս կերպ փորձում է իշխանությունը պահել Հանրապետականի ձեռքում և կոլեգիալ կառավարման մոդելի ներդրմամբ զրկել իշխանությունը փոխելու պոտենցիալ ունեցող մարդկանց այդ հնարավարությունից», - եզրափակեց նա: