12.04.2025
Տնտեսագետ. ՀԷՑ-ի վաճառքը` մաշտաբային մախինացիա
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ովքե՞ր են լինելու ՀԷՑ-ի բաժնետերերը բացի Սամվել Կարապետյանից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի գործընթացն այս տարվա սեպտեմբերին է տեղի ունենալու, «Ժողովուրդ»-ը գրել էր դեռեւս մարտ ամսին: Այն ժամանակ արդեն հայտնի էր, որ ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի մասնագետները ուսումնասիրում են ՀԷՑ-ը, եւ այդ գործընթացը ավարտվելու է սեպտեմբերին, ու հենց այդ ժամանակ էլ որոշվելու է գործարքի հետագա ճակատագիրը: Երեկ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես ազդարարեց, որ ռուսական «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է իրենց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու համաձայնություն ստանալու համար:

Կառավարության եզրակացությունը կտրվի մոտ մեկ շաբաթից: Այսինքն՝ ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 1-ի դրությամբ պայմանագիրը ուժի մեջ կմտնի, եւ մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվի ընկերությունը հին սեփականատիրոջից նորին փոխանցման գործընթացը: Գործարքի արժեքը դեռեւս չի հրապարակվում, սակայն, մեր տեղեկություններով, այն մոտ կես միլիարդ դոլար է կազմում, որի մոտ 300 միլիոնը ՀԷՑ-ի պարտքերն են: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՀԷՑ-ի պարտքերի մարման համար անհրաժեշտ 300 մլն դոլարը` վարկի տեսքով, կստանա ընկերությունը՝ ՌԴ Կառավարության երաշխավորությամբ: Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԷՑ-ի նոր գնորդը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Վերջինիս եղբայրը` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այդ տեղեկությունները»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական էլիտան աժիոտաժի մեջ է. «համայնքը» մոբիլիզացվում է։ Դրսի հայտնի հայերն ու օլիգարխները ժամանում են Հայաստան` իրենց ընտանիքներով եւ մտերիմներով: Սեպտեմբերի 21-ի առիթով Հայաստան եկածները կմնան մինչեւ սեպտեմբերի վերջ: Բանն այն է, որ անկախության տոնակատարությունից հետո` սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա Կարեն Կարապետյանի (գազի) որդու` Տիգրանի հարսանիքը, իսկ 27-ին Էջմիածնում կմասնակցեն Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը, որը տեղի է ունենում 7 տարին մեկ: Հիշեցնենք, որ Սբ. Էջմիածնի այս տարվա խաչքավորը Սամվել Կարապետյանն է, իսկ մյուռոնօրհնեքի քավորը լոնդոնաբնակ սփյուռքահայ բարերար Հայկ Դիդիզյանն է»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ դարձավ, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր փայամասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար»: