24.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ԳԱ նստաշրջանի բացմանը հանդես կգա ելույթով
prev Նախորդ նորություն

Իսրայել-Ադրբեջան. ռազմավարական տանդեմ

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր մեկնում է պաշտոնական այցերով Վրաստան ու Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:


Նշվում է, որ Ավիգդոր Լիբերմանը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:


Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի ռազմավարական, ռազմա-տեխնիկական կարևորագույն գործընկեր։ Չնայած Իրանի բացասական արձագանքներին` ադրբեջանա-իսրայելական ռազմաքաղաքական, տնտեսական դաշինքը շարունակում է ամրապնդվել։


Բաքուն ղարաբաղյան հարցը ցանկանում է լուծել ռազմական ճանապարհով։ Այդ ուղղությամբ իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը կհամագործակցի ցանկացած երկրի հետ` Իսրայել, Պակիստան, Ուկրաինա` անտեսելով Թեհրանի, Մոսկվայի կամ այլ կենտրոնի «մեսիջներն» ու նախազգուշացումները։


Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները, նշել էր, որ այդ հարաբերություններն այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքին: Այսինքն` այդ հարաբերություններն ավելի խորն են, քան կարելի է դատել բաց տեղեկատվական աղբյուրներում հայտնվող իտեղեկատվությունից:


Պետք է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացմանը դրականորեն նպաստում են Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները:


Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ: Երկրների հարաբերություններում համագործակցության կարևոր ոլորտն էներգետիկ փոխգործակցությունն է: Իսրայելի կարիքների համար ներմուծվող էներգակիրների 45%-ն ունի ադրբեջանական ծագում:


Ադրբեջանին անհրաժեշտ է Իսրայելի հետ ռազմական կապերի խորացումը` բանակի արդիականացման, հետախուզական տվյալների փոխանակման և այլ առումներով: Ադրբեջանը հստակ գնում է լայնածավալ պատերազմի ու իսրայելական ռազմական փորձն ու գիտելիքները փորձելու է կիրառել ղարաբաղյան ճակատում:


Ինչ վերաբերվում է Իսրայելին, ապա Թել-Ավիվը ցանկանում է ռազմական, հետախուզական պլացդարմ ունենալ Իրանի սահմանների մոտ, և Ադրբեջանը հանդիսանում է հենց այդպիսի պլացդարմ: Բացի այդ, Իսրայելի համար հետաքրքիր են Ադրբեջանի էներգետիկ` նավթագազային հզորություններն ու այդ երկրում հրեական համայնքի վերածումը լուրջ լոբբիստական գործոնի: Իսրայելի համար մահմեդական, շիա երկրի հետ ռազմավարական հարաբերություններն ունեն նաև իսլամական աշխարհում իմիջի բարելավման նպատակ:


Զարգացնելով սերտ կապեր Բաքվի հետ Իսրայելը նաև կամուրջ է ստեղծում Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար` Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային, ռազմական, տնտեսական եռանկյունու ձևավորման համար: